Լեւոն Ալթունյան. Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրումը կխթանի

PanARMENIAN.Net -
Տվյալ օրինագիծը կունենա միայն դրական ազդեցություն, քանի որ կպաշտպանի քաղաքացիների իրավունքները, որոնք տուժել են ՃՏՊ-ում



Ավտոքաղացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) մասին օրինագծի կառավարության նախաձեռնությունը կակտիվացնի ավտոապահովագրման շուկան, կրկնապատկելով դրա ծավալները: Այսպիսի կարծիք PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: «Այդ օրենքի ընդունումը կխթանի Հայաստանի ավտոապահովագրման շուկայի զարգացումը, իսկ եթե հաշվի առնենք նաեւ կամավոր ապահովագրությունը, ապա մոտակա ժամանակ կարելի է ակնկալել պայթյունային զարգացում` Հայաստանի ֆինանսական շուկայի ծավալները կաճեն 3-4 անգամ», - ասել է նա:



Մասնագետի խոսքերով, տվյալ օրենքը կիրառվում է բոլոր զարգացած երկրներում, եւ ՀՀ-ի համար այն կունենա միայն դրական ազդեցություն, քանի որ կպաշտպանի քաղաքացիների իրավունքները, որոնք տուժել են ՃՏՊ-ում: «Քաղաքացիները իրենց պաշտպանված կզգան պետական մակարդակով», - ասել է նա:





ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ին հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագիծը: Այդ համակարգը գործում է գրեթե բոլոր երկրներում եւ իրեն դրսեւորել է որպես արդյունավետ համակարգ:





Տվյալ օրինագիծը նախատեսում է Ապահովագրական բյուրոյի ստեղծումը, կորոշի ապահովագրական սակագները եւ միջոցների փոխհատուցումը մարդուն եւ գույքին հասցրած վնասի համար: Բյուրոյում ներգրավված կլինեն մասնագետներ երեք ապահովագրական ընկերություններից, որոնք կզբաղվեն ավտոմեքենաների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրմամբ: Գույքին հասցրած վնասը կգնահատվի 2 մլն դրամ, մեկ մարդուն` 4 մլն դրամ, երկուսին եւ ավելին` 9մլն դրամ: Նվազագույն ամսեկան անդամավճարը կկազմի 1000 դրամ:



Կստեղծվի նաեւ հատուկ երաշխիքային հիմնադրամ, քանի որ դեպքեր են լինում, երբ դժվար է գտնել ՃՏՊ-ի մեղավորներին:



Տվյալ օրինագծով որոշված է երկու համակարգ, որը կազմված է ութ ռիսկային ցուցանիշներից: Դրանց նպատակն է հստակեցնել ապահովագրական պոլիսի չափերը, քանի որ տարբեր ապահովագրական գործակալությունների վճարումները տարբերվելու են, եւ bonus-manus համակարգը հաշվի կառնի վարորդի պատմությունը, այսինքն` իրավախախտումների քանակով կորոշվի վարորդի պրոֆեսիոնալիզմը:



«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագծի քննարկումները տեղի կունենան փետրվարի 12-ին:



«Ինգո Արմենիա» ընկերությունը Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից է: Հիմնվել է այն 1997թ. «Էֆես» անվանումով որպես ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն: 2003թ. ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը ձեռք բերեց «Ինգոգոսստրախ» ռուսական բաց բաժնետիրական ընկերությունը, որից հետո ընկերությունը վերանվանվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն: 2009թ. սեպտեմբերի 30-ին «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է «Ինգոգոսստրախ» ընկերությանը, իսկ 25 տոկոսը` Լեւոն Ալթունյանին: «Ինգո Արմենիա» ընկերությունը վերաապահովագրում է իր փաթեթն ապահովագրական այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են` Munich Re-ն եւ ACE-ն, ֆրանսիական SCOR-ը, ամերիկյան AIG-ն ու Chub Insurance Group-ը, լեհական Polish Re-ն, ռուսական «Ինգոսստրախ»-ը եւ այլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---