Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ համգործակցելու հարցում

PanARMENIAN.Net - Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երևանում մայիսի 17-ին տեղի ունեցավ հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովին ներկա էին շինարարության և էներգետիկայի, ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների ավելի քան 40 ընկերություն:

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճում է, սակայն դա մեզ չի կարող բավարարել, քանի որ դեռևս չբացահայտված ներուժ կա, ինչը նման հանդիպումների օգնությամբ կհաջողվի իրացնել:

Չեխիայի արդյունաբերողների միության փոխնախագահ և պատվիրակության ղեկավար Յարոսլավ Հանակն ասել է, որ չեխական արտադրանքը Հայաստանում պահանջարկ է ունեցել դեռևս Չեխոսլովակիայի Հանրապետության գոյության տարիներից, իսկ Չեխիայում մինչ օրս բարձր է գնահատվում հայկական կոնյակը:

«Սակայն այս ամենն արդեն անցյալում է մնացել: Այսօր մենք նոր հիմքերի վրա հարաբերություններ պետք է ստեղծենք: Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ, և ներդրումներ է առաջարկում արդյունաբերական արտադրության, էներգետիկայի, սննդի արդյունաբերության, ինչպես նաև շահագրգռված է գյուղատնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցելու հարցում», - ասել է նա:

Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Միլան Հովորկան ասել է, որ Չեխիան` որպես Եվրամիության անդամ, կարող է կապող կամուրջ դառնալ Հայաստանի և ԵՄ միջև:

Ներկայում Հայաստանում չեխական կապիտալով գործում է 11 ընկերություն: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 16,7 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում ներմուծվել և արտահանվել են հետևյալ ապրանքները` հրուշակեղեն, թուղթ, կերամիկա, ապակյա իրեր, սև մետաղներ, ցամաքային տրանսպորտ և այլն:

Գործարար համաժողովը կազմակերպել էր ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը` զարգացման հայկական գործակալության հետ համատեղ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---