Հայաստանի և Քաթարի փոխվարչապետները քննարկել են համագործակցության խորացման հարցեր

Հայաստանի և Քաթարի փոխվարչապետները քննարկել են համագործակցության խորացման հարցեր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Քաթարի Պետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպեց Կատարի Պետության փոխվարչապետ, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնվեց աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ա. Գևորգյանը համագործակցության համար հեռանկարային համարեց էներգետիկայի, զբոսաշրջության, աշխատուժի ներգրավման ոլորտները: Նշվեց, որ Հայաստանը նախատեսում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացում` միջուկային նոր էներգաբլոկի կառուցում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն, և բաց է ցանկացած համագործակցության համար: ՀՀ փոխվարչապետի խոսքով` Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային նշանակության էներգետիկ ու ենթակառուցվածքային ծրագրերին և ցանկություն ունի այդ բնագավառում համագործակցել նաև Քաթարի հետ:

Երկուստեք ընդգծվեց հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի` որպես համագործակցության զարգացման հարթակի, կարևոր դերը:

Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահը նշեց, որ քաթարական կողմը հետաքրքրված է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը` տարածաշրջանային նշանակության ծրագրերին մասնակցելու միջոցով: Հայաստանի հետ գործակցության հարցում նա կարևորեց նաև արաբական երկրներում հեղինակություն վայելող հայկական համայնքների գործոնը:

Քաթարի փոխվարչապետի կողմից ընդունվեց նաև Հայաստան այցի հրավերը:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում մասնակցեց «Ազատ առևտուր, զարգացում և ժողովրդավարություն» խորագրով միջազգային համաժողովին:

Համաժողովի բացումը կատարեց Քաթարի Պետության էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանին: Համաժողովին մասնակցում էին և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ խոսքով հանդես եկան Ֆինլանդիայի, Մակեդոնիայի նախագահները, մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման մալո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---