«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011 թվականի մարտ-ապրիլ ամիսներին

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մարտին ստեղծվեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ծրագրի իրականացման գրասենյակը` բաղկացած 21 աշխատակցից, հուլիսին կավարտվի նախագծային աշխատանքների առաջին փուլը, որից հետո կապալառուի որոշման մրցույթ կհայտարարվի: Այդ մասին հունիսի 28-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Բացի դրանից, նրա խոսքով, ընթացքի մեջ է նաև առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման հսկող ընկերության ընտրության մրցույթը, ինչպես նաև ընտրվում է երկրորդ փուլի նախագծողը: «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Առաջին փուլում նախատեսվում է վերակառուցել Երևան-Աշտարակ քառաշար ճանապարհի 18,4 կմ հատվածը և բարձրացնել Երևան-Արտաշատ ճանապարհի անվտանգությունը»,- ասել է նա:

Մանուկ Վարդանյանը հաղորդել է նաև, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին նախատեսվում է ծրագրի երկրորդ փուլի համար 90 մլն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրել Ասիական զարգացման բանկի հետ, այդ գումարից 13 մլն դոլարը կտրամադրի ՀՀ կառավարությունը: Այդ ծրագրի շրջանակներում կկառուցվի Աշտարակ-Թալին 40 կմ քառաշար ճանապարհ: «Ներկա փուլում ճշգրտվում է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը»,- ասել է նա:

Այդ կապակցությամբ նախարարն ավելացրել է, որ ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարական ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի վթարների վերացման նպատակով նախարարին կից ստեղծվել է խորհրդակցական մարմին, որում ընդգրկվել են նախագծողներ, շինարարներ, ինչպես նաև երկրի գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: «Այդ մարմինն արդեն երեք նիստ է անցկացրել, որոնց ընթացքում բուռն կերպով քննարկվում են ցանկացած հարցեր, և կարծում եմ` ճիշտ որոշումներ են ընդունվում»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---