Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության արժեքը կարող է կազմել $1,8 մլրդ

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության արժեքը կարող է կազմել $1,8 մլրդ

PanARMENIAN.Net - Հայ նախագծողների գնահատմամբ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախնական արժեքը կարող է կազմել $1,7-1,8 մլրդ, հունիսի 28-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնից հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա կարծիքով, դա առավել իրատեսական գնահատական է, քան ավստրիացի նախագծողների հնչեցրած արժեքը` $4 մլրդ: Այդ կապակցությամբ Մանուկ Վարդանյանը պարզաբանել է, որ արտասահմանյան մասնագետները իրենց հաշվարկը կատարելիս աշխատուժի իրենց գնային համակարգով էին դա արել, բայց հաշվի առնելով, որ ճանապարհը կառուցելու են հայ շինարարներ, ապա «նրանք, ցավոք, ավելի քիչ կաշխատեն»:

Նախարարի գնահատականով, միայն նախագծմանը $200-300 մլն կպահանջվի, տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացմանը` $1-2 մլն: «Չնայած, որ դա շատ թանկարժեք նախագիծ է, այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար»,- ընդգծել է Մանուկ Վարդանյանը: Իսկ ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ֆինանսավորման աղբյուրներին, ապա, նրա խոսքով, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՏՏՀ պատրաստման համար Հայաստանին $1 մլն հատկացնելու մասին որոշում է ընդունել, գումարը կտրամադրվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության մեկնարկից հետո: Բացի դրանից, նախարարը հաղորդել է, որ իրանական կողմը պատրաստ է իր տարածքում կառուցել ճանապարհի մի հատվածը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Նախնական հաշվարկների համաձայն, Իրան-Հայաստան երկաթուղու երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ երկաթուղային հատվածը գտնվելու է Իրանի տարածքում, իսկ 410-ը` Հայաստանի:

Մանուկ Վարդանյանն ավելացրել է նաև, որ ճանապարհի կառուցման համար վարկերի ներգրավման մասին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ:

Հայաստանն ու Իրանը 2009 թվականի ապրիլին երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծման մասին հուշագիր ստորագրեցին: Այդ ճանապարհի շինարարությունը կապահովի Հայաստանի ելքը Պարսից ծոց և դեպի իրանական նավահանգիստներ, ինչը շատ կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսական զարգացման համար: Ներկայումս արտաքին աշխարհի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ապահովվում է միայն Վրաստանի տարածքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---