IFAD. Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին

IFAD. Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին, հուլիսի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԳԶՄՀ-ի (IFAD) հայաստանյան ծրագրի ղեկավար Հենինգ Պետերսոնը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո: «Հայաստանում գյուղմթերքի արտահանման ավելացման մեծ ներուժ կա, և կառավարությունը հաստատել է ծրագրի իրականացմանն աջակցելու մտադրությունը, իսկ մենք բոլոր ջանքերը կգործադրենք նրա հնարավոր ընդլայնման համար»,-ասել է նա; Ընդ որում IFAD-ի ներկայացուցիչը դրական է գնահատել քննարկման ընթացքը` նշելով, որ կողմերն անդրադարձել են ֆինանսավորման և վերջնական համաձայնագրի կնքման ժամկետներին:

Պետերսենը նշել է, որ ծրագիրը բաղկացած է երկու մասից` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»։ Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է նպաստել պտղի և ընկուզեղենի կենսունակ արտադրության և պայմանագրային այգեգործության զարգացմանը, երկրորդ բաղադրիչի ներքո` հասարակական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացում (գազամուղներ, ոռոգման և խմելու ջրագծեր, գյուղական ճանապարհներ և այլն)։

Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Հիմնական ֆինանսավորումն իրականացնելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD), համաֆինանսավորողներն են` Նավթ արդյունահանող երկրների (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամն (OFID) ու ՀՀ կառավարությունը։ Այն ընդգրկում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Ծրագիրը կներկայացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի խորհրդի հաստատմանը։

Վարչապետը կարևորել է ծրագրի նշանակությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում և ընդգծել առաջին բաղադրիչի ներքո նաև օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ միջոցառումների ներառման և իրականացման անհրաժեշտությունը։

ԳԶՄՀ-ն Հայաստանում իրականացրել է 4 ծրագիր` «Ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր» (ՈՀՎԾ) Համաշխարհային բանկի հետ համատեղ, «Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսության զարգացման ծրագիր» (ՀԱՇԳԶԾ), «Գյուղական ծառայությունների ծրագիր» և «Գյուղական տարածքների զարգացման ծրագիր»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---