Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի` Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագիրը

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի` Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագիրը, որի նպատակն է` սահմանների կառավարման ոլորտում գործող բոլոր պետական մարմինների գործառույթների համակարգումը: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Վրաստանում, որտեղ Հայաստանի մաքսային համակարգի աշխատակիցները ծանոթացել են հարևան երկրի սահմանին իրականացվող աշխատանքներին: Առաջիկայում դարձյալ նախատեսվում են նման հանդիպումներ, որոնց ընթացքում, բացի այս ծրագրի հիմնական նպատակներից, հատուկ ուշադրություն է դարձվում նաև միջազգային համագործակցությանը: Այն հատկապես կարևորվում է նրանով, որ մեր երկրի քաղաքացիները սկսել են առավել հաճախ մեկնել Վրաստան` հանգստի: “Այդ հանգամանքը հաշվի առնելով` Հայաստանի մաքսային ծառայության կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սահմանում պարզեցվեն մաքսային հսկողական աշխատանքները, ինչի արդյունքում զգալիորեն կկրճատվի մեկնող և ժամանող ուղևորների կողմից մաքսային ընթացակարգերի վրա ծախսվող ժամանակը”,- հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը:

Իսկ Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանն էլ տեղեկացրել է, որ այդ ծրագրով նպատակ է դրված նաև ակտիվացնել Հայաստան-Վրաստան երկկողմ առևտրաշրջանառությունը. “Այդ հարցում կարևորում ենք հատկապես հարևան երկրի հետ սահմանակից Բագրատաշենի սահմանային անցակետի կարողությունների հզորացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով պարբերաբար երկկողմ կոնֆերանսներ են կազմակերպվում թե Հայաստանում, և թե Վրաստանում”,- ասել է Գրիգոր Մալինցյանը:

Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում օրերս նման ուսումնական այց էր կազմակերպվել նաև Լիտվայի Հանրապետություն` Հայաստանի և Վրաստանի սահմանային կառավարման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների համար: Ուսումնական այցի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման լավագույն փորձին, նվաճումներին ու զարգացումներին.

Պատվիրակությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Վիլնյուսի օդանավակայանի սահմանային անցակետի աշխատանքներին, ինչպես նաև Բելառուսի և Լիտվայի սահմանային անցակետի կառուցվածքին ու ենթակառուցվածքներին, այնտեղ իրականացվող աշխատանքներին, այցելել են նաև Քենա երկաթգծային սահմանային անցակետ` ծանոթանալու դրա աշխատանքներին և Կալինինգրադի արագացված երկաթգծի տրանզիտին, հայտնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---