Վալոնիայի մասնագետների աջակցությամբ կհետազոտվեն Հայաստանի ջրային ոլորտի հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորոգյանն այսօր ընդունեց Վալոնիայի (Բելգիա) արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության (AWEX) գործադիր տնօրեն Ֆիլիպ Սուինենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության(UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

Բելգիացի գործարարների խումբը Հայաստանում է` մասնակցելու հայ-բելգիական գործարար համաժողովին: Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալության կողմից, UNIDO-ի եւ ԶՀԳ-ի աջակցությամբ, իրականացվում է «ԱրմենՎալ» նախագիծը, որի նպատակը Հայաստանի եւ Բելգիայի ընկերությունների միջեւ համատեղ գործարար ծրագրերի իրագործումն է:

ՀՀ փոխվարչապետը, ողջունելով բելգիացի գործարարներին, վստահություն հայտնեց, որ նախագիծը հաջողություն կունենա ու կվերածվի ավելի կոնկրետ ծրագրերի: Նա հաջողության երաշխիք համարեց նաեւ երկու փորձառու կազմակերպությունների` UNIDO եւ ԶՀԳ-ի ներգրավվածությունը: Նշելով, որ կառավարության համար ՓՄՁ-ների զարգացման խնդիրներն առաջնահերթություն են, Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը` ուրախալի համարելով, որ նախագծում առկա է նաեւ ռեգիոնալ բաղադրիչ: Փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրերի կյանքի կոչմանը:

Ֆ. Սուինենը համոզմունք հայտնեց, որ: «ԱրմենՎալ» նախագծում ընդգրկված բելգիական 23 կազմակերպությունների մեծ մասն արդեն սկսել է համագործակցությանն ուղղված իրենց գործունեությունը: Նրա խոսքով` նախագծի հիմնական իմաստը ոչ միայն պարզապես ներմուծում-արտահանումն է, այլ երկկողմ կապերի խորացումն ու զարգացումը: Ֆ. Սուինենը նաեւ տեղեկացրեց, որ նախատեսված են ֆինանսական միջոցներ` տարբեր երկրներում հետազոտությունների, մասնավորապես ջրային քաղաքականության ուսումնասիրության համար, եւ պատրաստակամություն հայտնեց Վալիոնիայի մասնագետների աջակցությամբ Հայաստանում իրականացնել ջրային ոլորտի հիմնախնդիրների հետազոտություն:

Ա. Գեւորգյանը տեղին համարեց առաջարկը` նշելով, որ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային պաշարների հետազոտության անհրաժեշտություն կա: Հայկական կողմը ներկայումս փորձում է գործընկերներ գտնել` նման հետազոտության իրականացմանն աջակցելու համար: Դա կարեւոր է նաեւ դաշտավայրում ՓՄՁ-ների զարգացման հեռանկարների տեսանկյունից. մասնավորապես` ձկնաբուծության զարգացումն ուղղակի կապված է ջրային պաշարների հետ: Ս. Սուինեն պատրաստակամություն հայտնեց աջակցելու այդ խնդիրների լուծմանը, հայտնել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---