Հայաստանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 47-րդ նիստի աշխատանքներին

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 47-րդ նիստի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում այսօր կայացավ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 47-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցեց ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը:

Խորհրդի նիստում քննարկվեցին եւ հավանության արժանացան երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես հավանության արժանացան Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը: Մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախնական նախագիծը, ԱՊՀ երկրների պարենային անվտանգության բարձրացման հայեցակարգի նախագիծը եւ այլ հարցեր: Խորհուրդն ի գիտություն ընդունեց Հայաստանի Հանրապետության առեւտրային քաղաքականության մասին ամփոփ տեղեկատվությունը:

Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամները եղան Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված ազգային տաղավարներում: Այցելուների շրջանում իր բազմազանությամբ մեծ հետաքրքրություն առաջացրեց ՙՀայաստան՚ տաղավարը: Այն, ի տարբերություն ԱՊՀ մի շարք այլ երկրների տաղավարների, արդեն գործում է մի քանի տարի եւ ներկայանում է մշտական ցուցահանդեսով: Տաղավարում ցուցադրված է շուրջ 200 ձեռնարկության արտադրանք: Այն համարվում է լավագույններից, եւ որպես օրինակ ներկայացվեց ԱՊՀ մի շարք երկրների, որոնց տաղավարները դեռեւս լիարժեք չեն գործում:

Խորհրդի անդամները նաեւ ծանոթացան Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի հնարավորություններին եւ քննարկեցին ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի անցկացման հետ կապված հարցեր, հաղորդում է կառավարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---