2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բյուջեի ծախսերը պետական պարտքի սպասարկման հաշվին ավելացել են 7.1%-ով

2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բյուջեի ծախսերը պետական պարտքի սպասարկման հաշվին ավելացել են 7.1%-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 503.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 529.8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97.5 և 83.2 տոկոսը: Այդ մասին ասվում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 69.1%-ով, ծախսերի գծով` 61.8%-ով:

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 26.5 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամ պակասուրդի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 79 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 87.9 մլրդ դրամով: Ընդ որում, 19.7%-ով (76.6 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 96.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 36%-ով կամ 8.5 մլրդ դրամով` այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.4%-ը` այլ եկամուտների, 1.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 12.3 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 529.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 83.2%-ը: Մասնավորապես` 478 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 51.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 8.8 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 7.1%-ով կամ շուրջ 35.3 մլրդ դրամով: «Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---