Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է ուղիղ կապ ֆերմերների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին խորհրդի նորընտիր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ։

Շնորհավորելով խորհրդի նորակազմ ղեկավարությանը և կարևորելով խորհրդի վաղաժամ կյանքից հեռացած նախագահի գործի շարունակականության ապահովումը` վարչապետը մասնավորապես, նշել է. «Մեզ անհրաժեշտ է ուղղակի կապ ֆերմերների հետ, որպեսզի ստանանք ազդակներ` ինչպիսին է իրական իրավիճակը գյուղում, որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որոնք մտահոգում են գյուղացիներին այսօր։ Բնականաբար, պետք է կարողանանք մեր ծրագրերը ձեզ համար դարձնել ընդունելի, հասկանալի և մատչելի։ Այդ երկխոսության շնորհիվ ավելի հեշտ կլինի մեր ծրագրի արդյունավետության բարձրացումը»։

Ռոզա Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և ներկայացրել խորհրդի` 2010 թ. օգոստոսի 31-ին կայացած նախագահության նիստում հաստատված յոթ հանձնաժողովների կազմը, որոնք զբաղվելու են ագրարային քաղաքականության և օրենսդրության, ագրարային կրթություն-գիտություն-արտադրություն կապերի ապահովման, անասնապահության տոհմային գործի կազմակերպման, գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմնաբուծության և սելեկցիայի, բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության մեքենայացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ու պետության և այլ տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության ապահովման հարցերով։

Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը ՖԱՄ-ի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության ծրագրի վրա` ընդգծելով այն նրանց առաջարկություններով լրացնելու կառավարության պատրաստակամությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---