Ջոն Սլոանը մեծ ներուժ է տեսնում հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման մեջ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (նստավայրը` Մոսկվա): Ներսես Երիցյանը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարարը դեսպանին ներկայացրել է այն ոլորտները, որտեղ հայ-կանադական համագործակցությունն առավել արդյունավետ և հեռանկարային կարող է լինել`շեշտելով մասնավորապես ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունն ու առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և խթանել երկկողմ առևտրային հարաբերությունները:

Ներսես Երիցյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խորացման և արտահանմանն ուղղված ընկերությունների գործունեության խթանման առումով:

Դեսպան Սլոանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ կնպաստի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, քանի որ համարում է, որ մեծ ներուժ կա` դրանք ավելի դինամիկ զարգացնելու համար:

Հանդիպման ավարտին զրուցակիցները համաձայնեցին համագործակցել կոնկրետ ծրագրերի շրջանակում և հաջողված պատմություններ արձանագրելով` խթանել հայ-կանադական հետագա տնտեսական կապերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---