Հայաստանում պանրի գնի բարձրացման մեղավորը չի պատժվի

Հայաստանում պանրի գնի բարձրացման մեղավորը չի պատժվի

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ավարտեց «պանիր» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը և եզրակացրեց, որ այդ մթերքի գինն առաջինը բարձրացրեց «Աշտարակ կաթը», իսկ նրան հաջորդեցին շուկայի մյուս մասնակիցները:

Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հաղորդեց, որ Հայաստանի պանրի շուկայում աշխատող 78 տնտեսվարող սուբյեկտներից Հանձնաժողովն իրենց գործունեության մասին մանրամասն տեղեկատվություն էր պահանջել առավել խոշոր 16 ընկերություններից: Շուկայի երեք խոշորագույն ներկայացուցիչներն են «Աշտարակ կաթը»` 32.8%, «Դուստր Մելանիան»` 6.1%, «Արաքս 2» (Էկո կաթ)` 5.3%:

Այս տարվա սեպտեմբերի սկզբին 1 կգ «Լոռի» պանրի գինը կազմում էր 1400 դրամ, ամսվա վերջին արդեն` 2140 դրամ, նոյեմբերի սկզբին` 2890 դրամ, բայց ներկա պահին գինը նվազել է մինչև 2490 դրամ:

Շաբոյանի խոսքով, պանրի արտադրողները գների բարձրացումը բացատրում են հիմնականում կաթի գնի բարձրացմամբ: «Մեր հետազոտությունների համաձայն, կաթի գինը 1 լիտրի համար 100-120 դրամից բարձրացել է մինչև 120-160 դրամ, ինչի վրա ազդել են այս տարվա վատ եղանակային պայմաններն ու երկրում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատումը»,- բացատրեց նա: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ կաթի գնի աճի արդյունքում պանրի գները պետք է միջին հաշվով բարձրանային 415 դրամով, մինչդեռ բարձրացել են 810 դրամով:

Բացի դրանից, Արտակ Շաբոյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ներկայիս օրենսդրության համաձայն մենաշնորհատեր չի հանդիսանում, սակայն շուկայում գերակա դիրք է զբաղեցնում և մեծ ազդեցություն ունի շուկայի վրա: «Օրենքում մեր առաջարկած փոփոխությունների համաձայն դրանց ընդունումից հետո նման դեպքերում ընկերությունները կպատժվեն»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---