Հայաստանի փոխվարչապետը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց

Հայաստանի փոխվարչապետը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարտի 1-ին մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ ներկայացրեց անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի վերաբերյալ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքները` հնարավոր բոլոր շահառուներին համակարգում ներառելու համար:

Քննարկվեց նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրով համայնքների կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:

ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Գևորգյանը ներկայացրեց տարվա ընթացքում մարզերում կենտրոնի կողմից իրականացվելիք ծրագրերը` նշելով, որ կենտրոնը հնարավորություն ունի ընդհանուր 5,5 մլրդ դրամի չափով մարզերում վարկավորել այն գործարար ծրագրերը, որոնք կիրականացվեն պետության համար գերակա համարվող ոլորտներում:

Տեղեկություններ հաղորդվեց նաև Բնակչության պետական ռեգիստրում երեխաների հաշվառման ընթացքի մասին: Քննարկվեցին ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել աշխատանքների կատարման ժամանակացույցերը: Անդրադարձ եղավ նաև միջպետական և համայնքային նշանակության ավտոճանապարհների սանիտարական վիճակին: Արմեն Գևորգյանը մարզպետներին հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել ճանապարհամերձ տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության կազմակերպման հարցերը, հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---