«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր մրցույթ է անցկացնում ուսանողական կրթաթոշակների տրամադրման համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր մրցույթ է անցկացնում ուսանողական կրթաթոշակների տրամադրման համար

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակում Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների հայտադիմումների ընդունումը: Ակցիան անցկացվում է անվանական միանվագ կրթաթոշակների տրամադրման նպատակով:

Ակցիայի նպատակն է օժանդակել երիտասարդ մասնագետների կայացմանը բարձր առաջադիմությամբ աչքի ընկած և հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերած ուսանողների կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ լրիվ վճարման միջոցով, ինչպես նաև դիտարկել հետագայում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը: Այս տարի Բանկի շահառուների թիվը աճելու է, հասնելով 25-ի: Կրթաթոշակների չափը կազմելու է 40 000 ՀՀ դրամից մինչև 300 000 ՀՀ դրամ:

Հայտադիմումները դիտարկվելու են Բանկի կողմից ստեղծված փորձագետների հատուկ հանձնախմբի կողմից հետևյալ հիմնական չափանիշերի հիման վրա. ակադեմիական առաջադիմություն, հասարակական ակտիվություն, սոցիալական կարգավիճակ, ինչպես նաև միավորների հաշվեգրման սկորինգային համակարգի արդյունքներ: Վերջնական արդյունքների ամփոփման համար հարցազրույցներ են կազմակերպվելու 30 լավագույն թեկնածուների հետ: Հայտատուների հետ հարցազրույցներին մասնակցելու են ինչպես փորձագետների հանձնախմբի անդամները, այնպես էլ Բանկի 2010 թվականի շահառուները:

Մրցույթին կարող են մասնակցել V կուրսի ուսանողները, բակալավրիատի II-IV կուրսերի ուսանողները, մագիստրանտներ, ասպիրանտներ և հայցորդներ: ԲՈՒՀ-ի կարգավիճակը (պետական/ոչ պետական), ինչպես նաև մրցույթի մասնակիցների քաղաքացիությունը հաշվի չեն առնվելու:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2011թվականի ապրիլի 30-ն է: Հայտադիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով` student@areximbank.am: Ընտրված ուսանողների ցուցակը հրապարակվելու է 2011 թվականի հունիսի 2-ին Բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո շահառուները կհրավիրվեն մասնակցելու կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել սոցիալական բնույթի տարատեսակ ակցիաներ և ծրագրեր, որոնց ընդհանուր կարգախոսն է` «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուրի օգտին», որը բնակչության յուրաքանչյուր խմբի համար հնչում է յուրովի: 2010 թվականին Բանկը համանման ակցիա է անցկացրել, որում մասնակցել են Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավելի քան 500 ուսանող: Գլխավոր մրցանակը` 400 հազ. ՀՀ դրամ ($1,1 հազ.) ստացել է ԵՊՀ-ի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---