Հայաստանի նախագահ. Տարեվերջին մենք պետք է ունենանք գնաճի առնվազն կրկնակի ցածր մակարդակ

Հայաստանի նախագահ. Տարեվերջին մենք պետք է ունենանք գնաճի առնվազն կրկնակի ցածր մակարդակ

PanARMENIAN.Net - Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը Հայաստանի համար լինելու է գերակայություն, և այստեղ կարևոր է Հայաստանի կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանքը` համարձակ, ինչպես նաև ոչ ավանդական քայլերով: Այդ մասին մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդ որում, պետության ղեկավարը նշել է, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: «Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր, մենք պետք է ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաև մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,- նախագահի խոսքն է մեջբերում հանրապետության ղեկավարի մամլո գրասենյակը:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ հիմա իսկական ժամանակն է մրցակցությունը խթանելու համար: «Անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել արտահանողների, ներկրողների հետ և լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի հասկանանք ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը»,- ասել է նա: Նախագահի խոսքով, տարեվերջին Հայաստանը պետք է գնաճի առնվազն կրկնակի ցածր մակարդակ ունենա: «Այս նպատակը մշտապես իմ ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է նա:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---