Հայաստանի վարչապետը հանձնարարել է պատրաստվել մասնակցությանը «Ռիո+20» միջազգային գագաթաժողովին

Հայաստանի վարչապետը հանձնարարել է պատրաստվել մասնակցությանը «Ռիո+20» միջազգային գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին, ինչպես նաև գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցերին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանն իր հերթին զեկուցել է 2011թ. փետրվարի 28-մարտի 4-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կայուն զարգացման հանձնաժողովում արծարծված հարցերի, ընդունված առաջարկությունների և եզրակացությունների վերաբերյալ: Զեկուցողները կարևորել են ՀՀ «Ռիո+20» գործունեության ծրագրի մշակումը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի համաշխարհային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակմամբ և դրա իրականացման վերահսկողությամբ:

Խորհրդին է ներկայացվել ՀՀ կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունը (ԵԱՀ): Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը զեկուցել է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերների մասին և անդրադարձել կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներին: Խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկվող միջոցառումների ցանկը` արձանագրելով, որ դրանք կներառվեն ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---