Իրանն առաջարկում է Հայաստանի հետ երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության կոնսորցիում ստեղծել

Իրանն առաջարկում է Հայաստանի հետ երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության կոնսորցիում ստեղծել

PanARMENIAN.Net - Իրանի տրանսպորտի և ճանապարհների փոխնախարար Ռեզա Փիլփայեն Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են Հայաստանում երկաթուղիների և ավտոճանապարհների շինարարության նախագծեր իրականացնել և դրանով իսկ Հայաստանի երկաթուղային ցանցը կապել իրանական երկաթուղիների հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:

Ռեզա Փիլփայեն նշել է, որ երկաթուղային և ավտոճանապարհային նախագծերի իրականացման արագացման նպատակով արժեր կոնսորցիում ստեղծել, և երկու երկրների միջև նման համագործակցության մասին հարցը կարելի է մոտ ժամանակներս քննարկել Հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստում:

Գրիգոր Առաքելյանն իր հերթին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հույս է հայտնել և համաձայնել համատեղ կոնսորցիումի ստեղծման անհրաժեշտության հետ: Իրանում Հայաստանի դեսպանը հիշեցրել է ավտոճանապարհի շինարարության նախագծի մասին, որը ձգվելու է Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը: Այդ ճանապարհի կառուցման դեպքում ավտոտրանսպորտը կկարողանա լիարժեք անվտանգության պայմաններում երթևեկել Հայաստանի տարածքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---