Հունիսին բանջարեղենի և մրգերի գները կկարգավորվեն, խոստանում է Սերգո Կարապետյանը

Հունիսին բանջարեղենի և մրգերի գները կկարգավորվեն, խոստանում է Սերգո Կարապետյանը

PanARMENIAN.Net - Հունիսին բանջարեղենի և մրգերի գները Հայաստանում կկարգավորվեն՝ աստիճանաբար նվազելով, նախօրեին հավաստիացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ելույթ ունենալով ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերով միջկառավարական խորհրդի նիստում: «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին այս տարի կկարողանանք ոչ միայն ապահովել պտղի և բանջարեղենի մեր պահանջարկը, այլև կունենանք ավելցուկ` արտահանելու համար՚,- նշեց Ս. Կարապետյանը:

«Այս տարի, ինչպես բանջարանոցային մշակաբույսերի, այնպես էլ բուսաբուծության բոլոր մշակաբույսերի ցանքատարածքները անցյալ տարվա համեմատ, ավելացել են 20-25 տոկոսով: Հունիսից սկսած բանջարեղենի և պտղի գները կկարգավորվեն, գները կնվազեն»,-ասել է նա:

Ինչպես ասվում է ՀՀ գյուղնախարարության մամլո հաղորդագրության մեջ, նիստին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՊՀ եւ Արեւելաեվրոպական երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Հունգարիայից: Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ երկրների սերմնաբուծության հարցերով միջկառավարական խորհրդի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՌԴ գյուղատնտեսության վաստակավոր գործիչ Իվան Կուզմինը:

«ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկա հինգ տարիներին հատուկ ուշադրություն է հատկացվելու սերմնաբուծությանը, հատկապես` հացահատիկային մշակաբույսերի առումով: Արդյունքում` 2015 թ. մեր երկիրը կկարողանա ապահովել իրեն բարձրորակ էլիտային սերմերով»,-ասել է Սերգո Կարապետյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---