Վարչապետն անձամբ ծանոթացել է Գյումրիի նորակառույց թաղամասում ընթացող աշխատանքներին

Վարչապետն անձամբ ծանոթացել է Գյումրիի նորակառույց թաղամասում ընթացող աշխատանքներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 24-ին այցելել է Գյումրիի «Մուշ 2» նորակառույց թաղամաս, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

Նշենք, որ «Մուշ 2» թաղամասում նախատեսվում է կառուցել 1856 բնակարան. ըստ կնքված պայմանագրի՝ դրանց հանձնումը կկատարվի այս տարվա հոկտեմբերին:

Խորհրդակցությունից հետո քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հավաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակին, և որակով:

Այնուհետև վարչապետը մասնակցել է Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի բացմանը, որը հիմնանորոգվել է բժիշկ, նյույորքահայ բարերար Հովհաննես Օյունջյանի հովանավորությամբ:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ներկաներին և շնորհավորել նոր մասնաշենքի կառուցման առթիվ: Նրա խոսքով կրթօջախների վերականգնումը մեծ խորհորդ ունի, որովհետև վկայում է հայ ժողովրդի շարունակականության ամուր հիմքերի մասին: Տիգրան Սարգսյանը կարևորեց բարերարների ուշադրությունը կրթօջախների նկատմամբ. «Այս կրթօջախից հարյուրավոր տաղանդաշատ երեխաներ, ծառայելով իրենց սեփական ժողովրդին, իրենց ուրույն ձեռագիրն են թողնելու, իրենց խոսքն ասելու մեր պատմության մեջ»: Կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանակակից աշխարհում ազգերի մրցակցությունը այսուհետև լինելու է ինտելեկտի և գիտելիքի ասպարեզում ու այն ազգերն են համարվում զարգացած, որոնք ունեն լավ կրթություն: Ազգանվեր գործունեության ու հայրենիքում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Գյումրիի «Օյունջյան» դպրոց- վարժարանի նոր մասնաշենքի վերակառուցման համար ներդրվել է ավելի քան 800 հազար դոլար, հիմնանորոգվել է 1500 քառակուսի մետր տարածք՝ կահավորվել է ուսումնական ողջ մասնաշենքը: Վերջինում կան ոչ միայն նոր դասասենյակներ, համակրգչային սրահ, այլև լինգաֆոնային կաբինետ, նոր մարզասրահ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---