Վարչապետը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է ՀՀ-ում կարգավորիչ ոլորտի բարեփոխումները

Վարչապետը միջազգային դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է ՀՀ-ում կարգավորիչ ոլորտի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 1-ին կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մենք պետք է խոսենք մի կարևոր թեմայի շուրջ, որը վերաբերում է բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դուք տեղյակ եք «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի մասին: Ես հանդիպել եմ դրա գլխավոր հեղինակներից մեկի` պարոն Սքոթ Ջեյկոբսի հետ և ցանկանում եմ ԵԱՀԿ-ին շնորհակալություն հայտնել աշխատելու այդ հնարավորությունն ընձեռելու համար: Այն բանից հետո, երբ ծանոթացանք ընդհանուր հայեցակարգին և հավանության արժանացրինք այն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմն աշխատել է պարոն Ջեյկոբսի հետ, և արդեն շուրջ 5 ամիս է` մեր թիմը նախապատրաստվում է այս հայեցակարգի ներդրմանը: Հայեցակարգն արժանացել է նաև Հանրապետության Նախագահի հավանությանը, և մենք որոշել ենք ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որը կոորդինացնելու է այս աշխատանքները»:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությանն արժանացած «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարե¬փոխումների գործիքի ներդրման հեռանկարները: Նա կարևորել է կարգավորիչ ոլորտի բարեփոխումների իրականացումը կոռուպցիոն ռիսկերի կրճատման և գործարար միջավայրի բարելավման առումով: Ներկայացնելով հայեցակարգի կիրառման մեթոդաբանության մանրամասները` վարչապետը խոսել է բիզնես գործընթացների հստակեցման, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, ներդրումային և գործարար միջավայրի վրա դրա բարերար ազդեցության մասին: Անդրադառնալով պետության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման կարևորությանը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մի շարք` վարորդական իրավունքների տրամադրման, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման և այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու ընդգծել կարգավորիչ բարեփոխումների առանցքային դերն այդ գործընթացի շարունակականության ապահովման հարցում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշել է, որ «Կանոնակարգիչ գիլյոտինը» համապարփակ բարեփոխումների ծրագիր է, որը հնարավորություն կտա կանոնակարգել օրենսդրական դաշտը և բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը: Մասնավորապես, այն կնպաստի իրավական ակտերի հասցեականության բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել գործիքի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ: Անդրադառնալով «Կանոնակարգիչ գիլյոտին» հայեցակարգի իրագործման գործում հնարավոր մասնակցության հարցին` միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության` կարգավորիչ ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու կառավարությանն այդ գործում: Նրանք նաև կարևորել են կարգավորիչ բարեփոխումների իրականացման գործընթացի հանրային լուսաբանմանն ուղղված քայլերի իրականացումը:

Ամփոփելով քննարկումը` գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և կառավարության նախաձեռնությանն օժանդակելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---