Սերգեյ Բոնդարենկո.Արարատ-73. 1973-ը հոյակապ տարի էր` ամուսնացա և 2 մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ17 հունիսի 2013 PanARMENIAN.Net - Հետաքրքիր, ուրախ, կատակասեր ու բարեհամբույր. այսպիսին է «Արարատի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն: Նա շատ երիտասարդ տարիքում է դարձել «Արարատի» խաղացող, մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին և 1973-ին էլ իր ներդրումն ունեցել նվաճված մեդալներում: Բոնդարենկոն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն տարածությունը չխանգարեց, որպեսզի նա հաճույքով պատասխանի PanARMENIAN.Net-ի հարցերին: Մենք կրկին առաջարկում ենք ձեզ հետ գնալ դեպի 1973 թվականի վերջ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր դեպքեր կպատմի Բոնդարենկոն իր և թիմի մասին: Վերջապես իրականացավ երազանքս` ես «Արարատի» խաղացող եմ Ես ծնվել եմ ուկրաինական Սումի քաղաքում 1948 թվականին: 1952-ին ընտանիքով տեղափոխվել ենք Երևան: Դեռ դպրոցական տարիքից ֆուտբոլ շատ եմ սիրել ու խաղացել: 1965-ին մասնակցել եմ Սովետական Միության դպրոցական սպարտակիադային: 1966-ից խաղացել եմ Երևանի «Արաքս» թիմում: Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ հրավեր ստացա «Արարատից», որն այդ ժամանակ մարզում էր Ֆալյանը: 1966 թվականի օգոստոս ամիսն էր: Աննկարագրելի ուրախ էի, վերջապես իրականացել էր իմ երազանքը` ես «Արարատի» խաղացող էի: Ես դարձա մայրիկիս, եղբորս` Ալեքսանդրի, և դպրոցական ընկերներիս հպարտությունը:
Առանց «Արարատի» չեմ պատկերացնում իմ կյանքը Սակայն կարևոր է նաև կարողանալ հաստատվել թիմի հիմնական կազմում: Մարզիչների վստահությունը ձեռք բերեցի շատ դաժան մարզումների, նվիրվածության շնորհիվ: Ես շատ էի աշխատում իմ ֆիզիկական և տեխնիկատակտիկական որակները կատարելագործելու վրա: Ես էլ մեր մյուս բոլոր տղաների նման եմ` նվիրված ֆուտբոլին ու մեր «Արարատին», առանց որի իմ կյանքը չեմ պատկերացնում: 1968 թվականին ստացա սպորտի վարպետի կոչում, ապա հրավիրվեցի ԽՍՀՄ հավաքական: Որակյալ խաղն ինձ օգնեց հավասարապես լավ հանդես գալ թե «Արարատում» և թե ԽՍՀՄ հավաքականում: Սիմոնյանը կարողացավ բարձրացնել մեր ինքնագնահատականը Ես հաճախ մտածում եմ, թե ինչի շնորհիվ «Արարատն» այս տարի ցույց տվեց նման ֆենոմենալ խաղ, պայքարեց երկու ճակատով և հաղթանակած դուրս եկավ թե երկրի առաջնությունում և թե Գավաթի խաղարկությունում: Կան մի քանի նպաստող հանգամանքներ. ամենաառաջինը մեծ սերն է դեպի մեր հայ ժողովուրդը: Բացի դա, «Արարատը» հոյակապ թիմ-կոլեկտիվ է, բոլոր տղաներն անխտիր ձգտում են հաղթանակի, լավագույն արդյունքներ են ցույց տալիս թե տանը և թե դրսում, մեզ շատ են օգնում մեր հարազատ «Հրազդան» ստադիոնի պատերն ու նվիրված երկրպագուները: Եվ, իհարկե, մեր հոյակապ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանը մեծ ֆուտբոլիստ է եղել և տաղանդավոր մարզիչ է: Գալով «Արարատ»` նա կարողացավ բարձրացնել մեր ինքնագնահատականը, ոգևորել մեզ, մղել դեպի հաղթանակներ: Ամենակարևոր գծերից մեկն էլ այն է, որ նա շատ բարեհամբույր և ընկերական է բոլորիս հետ: Սիմոնյանի հետ շատ հեշտ է աշխատել, ու այդ ամենի շնորհիվ մենք աճեցինք ֆուտբոլային դաշտում:
Մինչև վերջին վայրկյանը պայքարելը մեր թիմի խաղաոճն է Մինչև վերջին վայրկյանը պայքարելը մեր թիմի խաղաոճն է: Գավաթի եզրափակիչն էլ դրա վառ ապացույցն է: Լևոն Իշտոյանն առաջին գոլը խփեց խաղի վերջին րոպեին, իսկ հաղթական գնդակը` ավելացրած ժամանակում: Կիևի «Դինամոյի» հետ մեր բոլոր հանդիպումներն էլ դժվար են ստացվում: Բայց մենք երջանկության մեծ ապրումներ ունեցանք, որ կարողացանք գավաթը նվաճել ու առաջնության հաղթող դառնալ` առաջ անցնելով նրանից: 1973 թվականը հոյակապ տարի էր ինձ համար, այն ինձ գերագույն երջանկություն պարգևեց: Այս տարի ես ամուսնացա իմ հիասքանչ կնոջ` Օֆելիայի հետ, դարձա 25 տարեկան և երկու կարևոր մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ: Իսկական հոբելյանական տարի էր:
«Արարատը» դարձել է իսկական լեգենդ «Արարատ» անունը հայ ազգի սիմվոլներից է ու պատահական չէ, որ այն նաև մեր թիմի անունն է: «Արարատ-73»-ը ֆենոմենալ է, այն հասել է ֆուտբոլային գագաթնակետին` դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Այս թիմը դեռևս անգերազանցելի է իր խաղով ու արդյունքներով: Այն իր կամքի, պայքարի և հայրենասիրության շնորհիվ դարձել է իսկական լեգենդ: 40 տարի անց կտոնեմ իմ ամուսնության և «Արարատի» հաղթանակների 40-ամյակը Ինձ թվում է, որ 40 տարի անց` 2013 թվականին, միգուցե կաշխատեմ որպես մարզիչ, ամեն դեպքում, կլինեմ ֆուտբոլում: Հայկական ֆուտբոլն էլ մեծ աճ կլինի ապրած այդ ժամանակ: 2013-ին ես կտոնեմ ամուսնությանս և «Արարատի» հաղթանակների 40-ամյակը և իմ 65-ամյակը: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |