Մարի Լու Փափազյան.Թումոյի գլխավոր ձեռքբերումը կենտրոնում հիմնադրվող ստարտափերն ու դրանք ստեղծողներն են 1 սեպտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Արցախում կբացվի 4-րդ Թումո կենտրոնը, որը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողի համար: Նրանցից յուրաքանչյուրը Թումո կհաճախի շաբաթական 2 օր և կսովորի կենտրոնի 4 հիմնական ոլորտի՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները: Ի դեպ, դեռ մայիսի վերջին Գյումրիում բացված 3-րդ կենտրոնում արդեն 1000-ից ավելի գրանցված ուսանող կա, չնայած ակնկալվող թիվը 500-600 էր: Թե Գյումրիի, թե Ստեփանակերտի կենտրոնները բացվել են Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության գործակցությամբ: 4-րդ Թումոյի պաշտոնական բացմանն ընդառաջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Սիմոնյան կրթական հիմնադրամի և կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ, ով պատմել է ծրագրերի, նորությունների ու շրջանավարտների հաջողությունների մասին: Արցախում Թումո կենտրոն հիմնելու մասին Ստեփանակերտում Թումո հիմնելու գաղափարը ԼՂՀ կառավարությանն էր, որը 2014-ին հանդիպում նախաձեռնեց Թումոյի ղեկավարության և հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ: Այնուհետև կենտրոնը դիմեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որի ղեկավարությունն էլ համաձայնվեց գործակցել ոչ միայն Ստեփանակերտում, այլև Գյումրիում կենտրոններ բացելով: Նշեմ, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի այս գործակցությունը չեզրափակվի նշված երկու քաղաքով, այլև տարածվի այլ քաղաքներում՝ թե Հայաստանում և ԼՂՀ-ում, թե դրանցից դուրս: Ինչպես և այլ կենտրոնները բացելու դեպքում, սա ժամանակ, ջանք ու եռանդ պահանջող գործընթաց էր՝ պայմանավորվածությունների ձեռքբերման, կազմակերպչական մանրամասն աշխատանքի և մարդկային ռեսուրսների ներդրման իր փուլերով: Նախագիծն իրականացվեց բոլոր ներգրավված կողմերի նվիրված աշխատանքի շնորհիվ և ԼՂՀ կառավարության աջակցությամբ: Գլխավոր դժվարությունը, իհարկե, հեռավորությունն է, սակայն դա էլ հաղթահարելի է, հատկապես բոլոր կողմերից ստացվող աջակցության պարագայում: Թումոյում դասավանդողների մասին Թե Գյումրիում, թե Ստեփանակերտում առայժմ դասավանդելու են նույն մասնագետները, ովքեր աշխատում են պատանիների հետ Երևանի և Դիլիջանի կենտրոններում: Դասընթացավարների շրջանառության ճկուն համակարգ ենք մշակել, որը թույլ կտա հավասար բաշխել ուժերը չորս կենտրոնում: Անշուշտ, նաև Գյումրիում և Ստեփանակերտում ենք մասնագետներ փնտրելու, ովքեր թիմին միանալով նույն շրջանառության սկզբունքով աշխատելու են կենտրոններում: Ուսուցանող մարզիչներին, ովքեր կոորդինացնում են ուսանողներին և աջակցում նրանց հատկապես ինքնուսուցման ընթացքում, փնտրում ենք տեղում: Օրինակ, Գյումրիում նրանք արդեն ընտրված են և աշխատանքային թրեյնինգ կստանան Երևանի կենտրոնի մասնագետների օգնությամբ: Արդյունքում կունենանք պատրաստված թիմ, որը կշրջի բոլոր կենտրոններով: Մեր հյուր մասնագետների հետ նույնպես պայմանավորվածություններ են ձեռք բերվում Դիլիջանում, Գյումրիում և արդեն Ստեփանակերտում էլ դասընթացներ անցկացնելու համար: Ավելին, Ստեփանակերտում անցկացվելիք առաջին՝ լուսանկարչական դասընթացը, որը կվարի իտալացի Պյեր Պաոլո Չիտոն, արդեն պլանավորված է և հաստատված: Թումոյի հյուրերի մասին Ամբողջ աշխարհով փորձում ենք գտնել ոլորտի առաջատար մասնագետներին, նրանց, ովքեր հետաքրքիր նախագծեր են հեղինակում և իրականացնում, որոնք համապատասխանում են մեր ուսումնական ծրագրին և ուսումնասիրության ոլորտներին՝ որպես կայուն հիմք ունենալով կենտրոնի հիմնական դասընթացների արդյունքում ստեղծվող կրթական բազան: Իհարկե, կարևոր նախապայման է նաև մասնագետի պատրաստակամությունը և ցանկությունը պատանիների հետ իր փորձով կիսվելու՝ կամավորության սկզբունքով: Մոտակա ամիսներին սպասում ենք հյուր մասնագետների Իտալիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից, որոնք կդասավանդեն լուսանկարչություն, անիմացիա և ծրագրավորում: Հյուրերի ցանկում իրենց տեղն են զբաղեցնում նաև տեղացի մասնագետները, ովքեր նույնպես պատրաստակամ են պատանիներին դասավանդելու: Օրինակ, կենտրոնում ընթանում է Ռուբեն Մեսչյանի դասընթացը, որը համատեղում է ծրագրավորումն ու ռազմական արվեստը, սեպտեմբերին էլ կմեկնարկի The Beautified Project-ի Անդրե Սիմոնյանի երաժշտական գովազդի դասընթացը: Ուսումնական ծրագրում նորությունների մասին Թումոյի կրթական համակարգն անընդհատ զարգացման մեջ է, առնվազն այն պատճառով, որ վերաբերվում է արագ զարգացող ոլորտների, որոնք անընդմեջ բովանդակային փոփոխություններ են ունենում: Նորամուծությունները հիմնականում նվիրված են մեր համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն և այն էլ ավելի ինդիվիդուալ դարձնելուն յուրաքանչյուր ուսանողի համար: Ինդիվիդուալությունը, որը համատեղվում է մեծ թվով ուսանողների համակարգելու հնարավորության հետ, Թումոյի կրթական ծրագրի ամենակարևոր կետերից է, որի արդյունավետության և զարգացման վրա մեր մասնագետներն անընդմեջ աշխատում են: Թումոների ծրագրային տարբերությունների մասին Չորս կենտրոնում ծրագրերը չեն տարբերվում, Թումոյի ինդիվիդուալացված ուսումնական ծրագիրն ընդհանուր է բոլորի համար: Թե Երևանում, թե Դիլիջանում և թե նորաբաց Գյումրիում և Ստեփանակերտում ուսման հիմնական ոլորտները կլինեն անիմացիան, վեբ ծրագրավորումը, խաղերի ստեղծումը և ֆիլմերի ստեղծումը, ինչպես նաև 3D մոդելավորումը, գրաֆիկ դիզայնը, լուսանկարչությունը, երաժշտությունը, ռոբոտիքսը և այլ հմտությունները, որոնք կդասավանդեն Թումոյի հիմնական և հյուր դասընթացավարները: Հասարակության համար սպասվող նորությունների մասին Նոր նախագծեր են լինելու խաղերի և անիմացիայի ոլորտում, ինչպես նաև ծրագրային հավելվածներ, երաժշտական հոլովակներ, որոնք, ի դեպ, կտեսնեք արդեն շատ շուտով: Հետաքրքիր և արդիական դասընթացներ են սպասվում, օրինակ, պատրաստվում ենք Google Cardboard-ի կիրառմամբ վիրտուալ իրականություն ստեղծելուն: Ուսանողների աշխատանքները կտեղադրվեն մեր կայքէջում, ինչպես նաև կենտրոնում կազմակերպվող դասընթացների արդյունքների պրեզենտացիաների ժամանակ: Շրջանավարտների հետ կապի մասին Միշտ փորձում ենք հետևել մեր շրջանավարտներին, տեսնում ենք նրանց հաջողությունները, և այդ ուղղությամբ անում հիմնային քայլեր, օրինակ, այժմ աշխատում ենք մոնիտորինգի ծրագրի ներդրման վրա, որը թույլ կտա համակարգված կերպով հետևել Թումոյից դուրս եկող կադրերի հետագա մասնագիտական աճին: Չնայած մեր շրջանավարտների երիտասարդ տարիքին, արդեն իսկ նրանց թվում շատերը աշխատանքի են անցել առաջատար կազմակերպություններում, ինչը չի կարող չուրախացնել: Նաև շատ ոգեշնչող է, որ հենց Թումոյի թիմում ունենք աշխատակիցներ, ովքեր կենտրոնի նախկին սաներն են: Եվս մեկ Թումո բացելու մասին Բազմաթիվ առաջարկներ ենք ստանում, թե Հայաստանում, թե երկրից դուրս Թումո կենտրոնների թիվն ավելացնելու որոշակի պլաններ ունենք: Դրանք այժմ աշխատանքային փուլում են, բայց արդեն վստահ կարող ենք ասել, որ այս չորսով չենք եզրափակվելու: Թումոյի ամենամեծ հաջողությունը Մեր չորսամյա գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից են կենտրոնում հիմնադրվող ստարտափերը՝ այժմ ունենք արդեն երեք սկսնակ ընկերություն, որոնց ամբողջությամբ կազմված են Թումոյի ուսանողներից: Կենտրոնը նրանց աջակցում է՝ տրամադրելով անվճար գրասենյակային տարածք, փորձելով օգնել պատվերներ գտնելու գործում: Ձեռքբերում է նաև հյուրերի կողմից վարվող դասընթացների արագ աճող թիվը: Մյուս ձեռքբերումը մեր ուսանողներն են, ովքեր չնայած իրենց երիտասարդ տարիքին, կարևոր տեղ են զբաղեցնում ոլորտում, աշխատանք գտնելով լավագույն կազմակերպություններում: Մանե Եփրեմյան/ PanARMENIAN.Net | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |