Մանկավարժական թուլություն.Եթե երեխային «ապուշ» անվանես, նա իրեն կսկսի ապուշի պես պահել 6 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Մանկավարժական թուլության, դրա դրսևորումների, աշակերտի հետ ուղիղ կապի, դաստիարակության մեջ ստեղծարարության, ազատության և հանրությանն ադապտացվելու անհրաժեշտության միջև հակասությունների, ծնողի ճիշտ և սխալ լինելու, անօգուտ բղավոցների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևայի հետ: «Հենակների» որոնումներում. Մանկավարժական թուլությունը Մեր իրականության մեջ ուսուցիչը բավականին դժվարին կացության մեջ է: Նույնիսկ ամենամեղմ երեխաները, երբ հավաքվում են 35-հոգանոց դասարանում, անկառավարելի են դառնում: Բացի այդ, ուսուցիչները պետք է դիմանան նաև ծնողների ճնշմանը, որոնց հաճախ թվում է, որ եթե իրենք չպաշտպանեն իրենց երեխաների իրավունքները, դրանք անպայման կոտնահարվեն: Այդպիսի ծնողները քիչ չեն, նրանք արձագանքում են բոլոր այն դժվարություններին, խնդիրներին, որոնք ժամանակին իրենք են ունեցել դպրոցում, մի իրավիճակում, երբ իրենք չեն կարողացել իրենց պաշտպանել: Նրանք իրենց երեխաների ուսուցիչներին ասում են այն, ինչ չեն կարողացել ժամանակին ասել իրենց ուսուցիչներին, կամ իրենց ծնողները չեն կարողացել ասել: Նրանք գալիս են դպրոց ուսուցչին տեսնելու արդեն մտովի վիճաբանության տրամադրված»՝ գալիս են պայքարելու, պաշտպանելու երեխային, ի սկզբանե հաստատությունն ընկալելով որպես թշնամու, որպես վերահաս վտանգ: Մյուս կողմից, ուսուցչի հանդեպ ճնշում է գործադրում տնօրենը, նա պետք է կատարի ծրագիրը, պետք է ժամանակի մեջ տեղավորվի: Խորհուրդ բոլոր ծնողներին՝ եթե ձեր երեխան հայտնվել է բարդ իրավիճակում և ձեզ թվում է, որ պատճառը ուսուցչի անուշադրությունն է, գոնե, մի սկսեք սկանդալից: Սկսեք հարցերից, փորձեք այնպես ձևակերպել դրանք, որ հասկանալի լինի, որ դուք ուսուցչի հետ միասին աշխատում եք նույն արդյունքին հասնելու համար: Հայաստանում կան հիանալի ուսուցիչներ, սակայն, կան նաև այնպիսիք, որոնք դեռ շատ բան ունեն սովորելու: Չի կարելի ծնողներին անընդհատ լարված պահել և նրանց միջոցով լուծել հարցերը՝ դա ուսուցչի անփորձության կամ հոգնածության նշան է: Կան հարցեր, որոնք պետք է լուծել միայն երեխայի հետ: Յուրաքանչյուր աշակերտի հետ ուսուցիչը փորձ է կուտակում, ավելի համբերատար դառնում և ավելի ինքնավստահ դառնում: Եթե դա տեղի չի ունենում, ուսուցիչը սկսում է «հենակներ» որոնել՝ հեշտ ուղիներ, ինչպիսին է թվում նաև ծնողների միջոցով հարցեր լուծելը: Սակայն դա միայն թվում է, թե կարելի է խորհուրդ տալ ծնողներին որ իրենք կարգի հրավիրեն երեխային և ամեն ինչ միանգամից կշտկվի: Մյուս կողմից, ճշմարտության հատիկ այդտեղ կա. ծնողները երեխային դպրոց ուղարկելիս պետք է ասեն նրան, որ լսի ուսուցիչներին, պաշտպանվի, բայց ոչ ոքի չնեղացնի, օգնի ընկերներին: Ուսուցիչն, իր հերթին, պետք է անմիջական կապ հաստատի աշակերտի հետ: Եթե հարցեր ունի ծնողներին՝ պետք է ուղղի ծնողներին, եթե երեխային՝ հարց տա երեխային:
Երեխայի ընկալմամբ ուսուցիչը չպետք է լինի այն անձը, ումից սպառնալիք է բխում, ով ամեն պահ շանտաժի է դիմում, ասում, որ կբողոքի ծնողներին: Այդպես են վարվում թույլ ուսուցիչները: Երբ ուսուցիչը ուժ չունի, նա փոխառված ուժ է փնտրում, դա կարող է լինել ծնողի, տնօրենի ուժը. «եթե քեզ վատ պահես, կտանեմ տնօրենի մոտ, և ամեն ինչ նրան կբացատրես»: Եթե ընտրել եք ուսուցչի մասնագիտությունը և զգում եք, որ ձեր ուժերը չեն ներում, խորհրդի համար դիմեք ավագ գործընկերներին, հոգեբանին, մասնակցեք այն ուսուցչի դասին, որին ամեն ինչ հաջողվում է առանց սպառնալիքների, բղավոցների, ձեռքերին ազատություն տալու: Եթե կա թուլություն, ավելի լավ է ինքներդ ձեզ խոստովանեք և փորձեք հաղթահարել դա: Այլոց օգնությանն ապավինելու շարունակական պահանջը մանկավարժական թուլության նշան է: Եթե ուսուցիչն անընդհատ խնդիրներ է ունենում, որը չի կարողանում հանգուցալուծել առանց բղավոցների, սպառնալիքների, կողմնակի անձնաց ներքաշելու, նշանակում է նա խնդիրներ ունի: Եթե երեխան ինձանից 1 մետր հեռավորության վրա է, իսկ ես պետք է բղավեմ, որ նա լսի, նշանակում է, ինչ-որ բան այն չէ ինձ հետ կամ նրա հետ, կամ էլ երկուսիս: Մարդ դառնալու համար, պետք է սկսել պատասխան տալ Դեռահասի կյանքում մի պահ է գալիս, երբ ծնողները նրանց համար այլևս այն հեղինակությունը չեն, ինչ նախկինում: Այդպես պետք է լինի, քանի որ այդ տարիքում նա պետք է լուծի ծնողներից անջատվելու խնդիրը: Չէ որ դեռահասը մի օր հասուն մարդ է դառնալու, ինքնուրույն, իսկ մեծերը պատրաստ չեն նրան ազատ արձակել: «Ձայնդ կտրիր, փսլնքոտ»՝ սա է ծնողների առաջին արձագանքը և դա ինչ-որ տեղ բնական է: Դեռահասը պետք է հաղթահարի իր հանդեպ այդպիսի վերաբերմունքը, ինչպես նաև անվստահությունն իր ուժերի նկատմամբ: Հողը երերում է նրա ոտքերի տակ և, բնականաբար, նա սկսում է նյարդայնանալ, ընդվզել: Ծնողները հաճախ հանդիմանանքով ասում են, թե «տեսեք, նա սկսել է պատասխան տալ»: Սակայն, տարօրինակ է դիմել մարդուն առանց պատասխան ստանալու ակնկալիքի; Չէ որ նա անբարբառ մանուկ չէ: Անշուշտ, մարդ դառնալու համար, պետք է սկսել պատասխան տալ: Իհարկե, կան մարդիկ, որոնց հետ անհնար է համաձայնության գալ, սակայն, այնուամենայնիվ, ավելի հաճախ, մարդկային վերաբերմունքի դեպքում, դիմադրությունը որոշ ժամանակ անց թուլանում է և հաջողվում է լեզու գտնել: Դեռահասների հետ այդպես է՝ միանգամից չեն համաձայնվում: «Տնայինդ, իհարկե չես արել» Բժիշկներն այսպիսի մի հասկացություն ունեն՝ խոսքից առաջացած հիվանդություն: Երբ բժիշկն անզգույշ ինչ-որ բան է ասում, իսկ հիվանդը ներշնչվում է և ծանր տանում հիվանդությունը: Մեր օրգանիզմը պատրաստակամ կատարում է այն, ինչին մենք տրամադրում ենք, ծրգրավորում ենք: Նման մի բան նաև դպրոցում է տեղի ունենում. ուսուցիչներն իրենց կարծիքը չեն ասում երեխային, բայց, միևնույն է, դա երևում է խոսքի մեջ, հազար ու մի մանրուքի մեջ է դրսևորվում: Ուսուցիչը կարող է ասել. «Դե իսկ դու տնայինդ, իհարկե, չես արել», և այդ «իհարկեն» այնքան խոսուն է: Եթե երեխային մշտապես ապուշ անվանես, վաղ թե ուշ նա կսկսի իրեն ապուշի պես պահել: Իմ մայրը, որը դասավանդել է ամբողջ կյանքում, ասում էր. «Երբ ուսուցիչը դասարան է մտնում, նրա հետ միասին աներևույթ ներս են մտնում նաև իր ուսուցիչները»: Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին այնպես, ինչպես մեզ են սովորեցրել, և հզոր դրդապատճառներ ու լուրջ աշխատանք է պետք դա փոխելու համար: Հայաստանում արդեն սկսում է զարգանալ այդ գործընթացը՝ դպրոցներից շատերում կան հոգեբաններ, թրենինգներ ուսուցիչների համար: «Քեզ համար լույսը միացած չեմ թողնելու» Հարգել աշակերտին նշանակում է գնահատել նրա անձը, տեսնել ոչ թե սեփական պատկերացումը նրա մասին, այլ այնպիսին, ինչպիսին նա կա: Երբեմն կրթություն չունեցող մարդն այնքան ուշադիր է մարդկանց հանդեպ, այնքան նուրբ է զգում նրանց, կարծես 4 հոգեբանական կրթություն ունի: Իսկ լինում է նաև հակառակը՝ բարձրագույն կրթություն ունի, իսկ մարդկանց հետ այնպես է շփվում, կարծես նրանք անկենդան առարկաներ են: Ժամանակին ես եղել են Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում, բազում տարբեր ուսուցիչների եմ տեսել: Ահա, օրինակ, աշակերտներն ուսուցչի ուղեկցությամբ պետք է այլ դասարան գնան: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես է ուսուցիչն արձագանքում հետ մնացողներին. «Ինչքա՞ն կարելի է ձեզ սպասել», «Աղջիկներ, տղաներ, ձեզ ենք սպասում», «Քեզ օգնությո՞ւն է պետք հավաքվելու համար»: Կամ էլ ահա թե ինչ է ասում ուսուցիչը. «Մենք գնում ենք, խնդրում եմ, գնալուց մարիր լույսը, փակիր դուռը և բեր բանալին, գիտեմ՝ դու կարող ես»: Թվարկածների մասին չի կարելի է ասել, որ այս մեկը միակ ճիշտ արձագանքն էր, բայց կան ակնհայտ սխալներ՝ չնկատելը, որ աշակերտը հետ է մնացել, ասել, թե նա դանդաղկոտ է կամ էլ այսպես արձագանքել. «Դու ի՞նչ է դիտավորյալ ես դա անում, որքա՞ն կարելի է, ինչու ես միշտ այսպիսին, ինչո՞ւ ես այդքան թափթփված»: Վատագույն տարբերակն է՝ թողնել աշակերտին դասարանում՝ մարելով լույսը: Այդպես վարվել չի կարելի: Ի՞նչ է դա նշանակում: Դու թողնում ես նրան այնտեղ, հասկացնելով, որ նա, կարծես, գոյություն էլ չունի, կարծես, հանուն նրա հարկ չկա էլեկտրականությունը միացած թողնել, կարծես, նա ոչ մի արժեք չունի: Դրանք մանրուքներ չեն, սակայն ուսուցիչը հատուկ չի անում դա, դա արվում է անգիտակցաբար: Գիտակցել, «բռնեցնելով» ինքդ քեզ դրա վրա, կնշանակի գիտակցել սեփական վերաբերմունքն աշակերտի հանդեպ: Միայն այդ դեպքում հնարովր կլինի փոխել վերաբերմունքը, իսկ հետո կփոխվի երեխայի վարքագիծը:
Հանրությանը կանխատեսելի մարդիկ են պետք Աշակերտին որպես անհատականություն ընդունելը բարդ խնդիր է, առավել ևս, որ հարկավոր է և պետք է սովորեցնել նրան անհատականություն տեսնել ի դեմս դիմացի մարդու: Դպրոցն ամեն ինչ միջինացնում է: Ոմանք ասում են, որ իրապես ստեղծարար մարդիկ միայն 3% են կազմում: Այժմ ամբողջ աշխարհում մտածում են, թե ինչպես պետք է երեխաներին սովորեցնել մտածել, ստեղծարար լինել, սակայն կարծիք կա, որ երբ ստեղծարար մարդկանց քանակը ինչ-որ շեմից անցնում է, հասարակությունը փլուզվում է: Ստեղծարարությունն ինքնին ոչ լավ է, ոչ վատ: Հարցն այն է, թե ինչպես է օգտագործվում: Ընդհանրապես ստեղծարար մտածողությունը սկզբունքորեն չի վերահսկվում: Գուցե, դա է պատճառը, որ ուսուցիչները գերադասում են չզարգացնել ստեղծարար մտածելակերպնաշակերտների մոտ՝ այդպես ավելի հեշտ է նրանց վերահսկել: Հաճախ դա նրանց չի էլ հաջողվում, եթե նույնիսկ ցանկություն կա՝ դպրոցը քիչ հնարավորություն է տալիս դրա համար, ուսուցիչը սահմանափակված է ուսումնական գործընթացի շրջանակներով, դասագրքերով, ծրագրերով, պահանջներով, ստուգումներով:
Նա գերադասում է ավելի դյուրին ճանապարհով գնալ: Հեղուկը միշտ դեպի վար է հոսում, բոլոր ջանքերը նվազագույնի հասցնելու միտում կա: Շատ ավելի հեշտ է ասել «նստիր և լռիր, խելքիդ շատ զոռ մի տուր»: Սա այն կետն է, որտեղ անհատի ու հանրության շահերը հակասում են: Հանրությանը կանխատեսելի մարդիկ են հարկավոր: Վաճառողը չպետք է թողնի վաճառասեղանն ու վալս պարի ինձ հետ՝ ես մոտեցել եմ ինչ-որ բան գնելու և ակնկալում եմ, որ նա ի զորու կլինի կատարել իր սոցիալական դերը: Միևնույն ժամանակ մարդուն շահավետ է ստեղծարար լինել: Դպրոցը նոր մարտահրավերների առջև է կանգնած, միայն մաթեմատիկա դասավանդելը քիչ է: 60 տարի առաջ ուսուցիչը տեղեկատվության միակ աղբյուրն էր: Գյուղական դպրոցում ուսուցիչն էր ու գրադարանը՝ մի քանի տասնյակ հատոր: Նա էր կապը քաղաքակրթության հետ, աշխարհի, գիտելիքի հետ: Նա գալիս էր դասի և լույս էր բերում իր հետ: Հիմա ուսուցիչը չի կարող ավելին տալ, քան համացանցը: Նա պետք է սովորեցնի ճիշտ ընտրել տեղեկատվությունը, զատել անպետքից, սովորեցնել, թե ինչ անել, երբ տեղեկատվությունը չափից շատ է: «Մի վազիր, մի բղավիր» Հաճախ դպրոցներում դասամիջոցներին թույլ չեն տալիս աշակերտներին վազել, խաղալ, դասերին անշարժ նստած ժամանակ կուտակված էներգիան սպառել: Անշուշտ, սարսափելի է. երբ փակ տարածքում այդքան դեռահաս է վազվզում: Թող վազեն բակում: Չինաստանում երեխաները պարտավոր են դուրս գալ դասամիջոցի ժամանակ և շարժվել: Մեր դպրոցներում ուսուցիչների մեծ մասը կանայք են, որոնք իրենց բնույթով ավելի զգուշավոր են, ավելի վախվորած, ռիսկի հակված չեն: Նրանք վախենում են երեխաների համար, իրենց համար. օտար երեխաներ են, ի՞նչ պատասխանել ծնողներին, եթե ինչ-որ բան պատահի: Բայց եթե ընդհանրապես բացառենք ռիսկը, կստացվի, որ երեխային բամբակի մեջ ենք պահում: Դա էլ իր հետևանքները կարող է ունենալ: Տղամարդ ուսուցիչն ավելի հանգիստ է, նա թույլ կտա վազել, թռչկոտել, սակայն տղամարդիկ դպրոցում քիչ են:
Խելամիտ ծնողները պետք է պատրաստ լինեն, որ երբ մարդը վազում է, նա երբեմն նաև պետք է ըկնի, կապտուկներ ստանա: Բնական չի լինի, որ երեխան մեծանա ու ոչ մի անգամ ծնկները չքերծի: Օրինակ, մարզիկներին առաջին հերթին ճիշտ ընկնել են սովորեցնում: Պետք է ոչ թե վազելն արգելել, այլ ցույց տալ, թե ինչպես է պետք ճիշտ ընկնել: Լուսինե Դալլաքյան/ PanARMENIAN.Net | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |