Բրայան Արդունի.

Թուրք հանրության շրջանում սեփական պատմության հանդեպ հետաքրքրության աճի միտում է նկատվում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ԱՄՆ-ի հայկական երկու ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկն է, ում գործունեությունն ուղղված է համազգային խնդիրների լուծմանը: Դա բարեգործական օգնությունն է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, համագործակցությունը հայկական ՈԿԿ-ի հետ եւ, բնականաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: PanARMENIAN.Net-ի հարցերին է պատասխանում ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) ԱՄՆ-ի հայկական երկու ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկն է: Որո՞նք են ձեր կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները:

ԱՀՀ գործունեությունն ուղղված է համահայկական խնդիրների լուծմանը: Այդ առումով մենք համագործակցում ենք մյուս հայկական հասարակական կազմակերպությունների, մասնավորապես Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հետ: Ես պետք է ընդգծեմ, որ մենք գործում ենք անկախ կուսակցական պատկանելությունից եւ ղեկավարվում ենք զուտ ազգի շահերով: ԱՀՀ-ն մեծապես կարեւորում է աշխատանքը սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ մի շարք ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Հայաստանում ԱՀՀ գործունեության հիմնական նպատակը բարեգործությունն է, աջակցությունը ՈԿԿ-ին: Մենք համագործակցում ենք նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի, սենատորների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Սա մեր աշխատանքի կարեւոր մասն է: Մենք շատ գոհ ենք, որ լոբբինգի արդյունքում ԱՄՆ-ն հրաժարվեց ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին: Ամերիկայի համար կարեւոր է տարածաշրջանային ինտեգրումը, սակայն նա չի ցանկանում, որ երկրներից մեկը դուրս մնա այդ գործընթացից:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ ԱՀՀ-ն:

Վերջերս թուրք հանրության շրջանում սեփական պատմության, երկրի անցյալի հանդեպ հետաքրքրության աճի միտում է նկատվում, ինչը հաստատեց վերջերս Ստամբուլում կայացած միջազգային գիտաժողովը, նվիրված հայկական հարցին: Մեր բոլորիս համար չափազանց կարեւոր է, որ Թուրքիան ինքը հասկանա եւ հաշտվի սեփական պատմության հետ: Սակայյն քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ շարունակում է Հայաստանի շրջափակումը, մենք շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը: Ինչպես գիտեք, Հայաստանը համաձայն է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը առանց նախապայմանների եւ առաջնորդվում է այդ քաղաքականությամբ: Ես նաեւ պետք է ընդգծեմ, որ մենք շատ սերտ շփումներ ունենք կոնգրեսականների եւ Ջորջ Բուշի վարչակազմի հետ եւ դա իր արդյունքներն է տալիս. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի քանակը օրեցօր աճում է: Ի դեպ, 10-20 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ում գրեթե ոչ ոք չգիտեր: Ավելին, ԶԼՄ-ներում չէր հիշատակվում նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը: Այժմ վիճակը կտրուկ փոխվել է` Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ մարդիկ գիտեն: Ես գտնում եմ, որ դա հայկական լոբբիստական կազմակերպությունների վաստակն է, եւ մեծապես, ԱՀՀ-ի:

Ի՞նչ եք կարծում, կարող է Թուրքիան դառնալ Եվրամիության անդամ:

Եթե Թուրքիան իրոք ցանկանում է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, ապա նա պարտավոր է կատարել իր առջեւ դրված բոլոր պայմանները: Առաջին հերթին, դա խոսքի ազատությունն է, կրոնական հանդուրժողականությունը եւ բաց սահմանները հարեւան երկրների հետ: Առանց այդ նախապայմանների կատարման նրան չեն ընդունի Եվրամիություն, եւ Թուրքիան դա շատ լավ է հասկանում:

ԱՀՀ գործունեության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Դուք եղե՞լ եք Ղարաբաղում:

Բնականաբար, մենք հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը պարտադիր պետք է հաշվի առնի ԼՂՀ ժողովրդի շահերը: Ես առաջին անգամ եղա Ստեփանակերտում 1998 թվականին, այնուհետեւ 2001-ին: Այնտեղ մեծ փոփոխություններ են կատարվում` ժողովուրդը հաղթահարել է անասելի դժվարություններ եւ հաստատակամորեն սեփական պետությունն է կառուցում: Այդ ճանապարհին նրանք զգալի հաջողությունների են հասել: Ինչ վերաբերում է ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությանը բանակցային գործընթացում, ապա դա այնքան էլ ճիշտ չէ: Ինչպես արդեն ասել եմ, կարգավորման ցանկացած որոշում պետք է կայացվի հաշվի առնելով ԼՂՀ ժողովրդի շահերը, որը չի կարելի անտեսել, իսկ դա նշանակում է, որ նրա ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին:

Ի՞նչ ծրագրեր է ԱՀՀ-ն ներկայումս իրագործում Հայաստանում:

Հայաստանում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հսկայական աշխատանք է կատարում` հանդիպումներ է կազմակերպում ՈԿԿ ներկայացուցիչների հետ, աջակցում է մեր գործունեության արդյունավետությանը: 1997 թվականից սկսած ԱՄՆ-ում ուսանողական մի ծրագիր է գործում, որի ընթացքում ամերիկացի ուսանողները 2-3 ամսով մեկնում են տարբեր երկրներ` ծանոթության եւ աշխատանքի համար: 1998 թվականին մենք ստեղծեցինք հայազգի ամերիկացի ուսանողների բաժանմունքը: Յուրաքանչյուր ամառ երիտասարդների խումբ է գալիս Հայաստան, ծանոթանում է նախնիների հայրենիքին: Այստեղ նրանք տեսնում են, թե ինչպես է զարգանում Հայաստանը: Մենք խնդիր չենք դնում բերել նրանց այստեղ մշատական բնակության, նրանք ուղղակի պետք է քաջածանոթ լինեն անկախ հայկական պետության խնդիրներին եւ պատկերացնեն իրական Հայաստանը: Ուսանողները գալիս են 2 ամսով, աշխատում են տարբեր կազմակերպություններում: Այս տարի 14 հոգուց կազմված խումբ առաջացավ: Ցանկացողները շատ են եւ երբեմն շատ դժվար է լիոնւմ մերժել, նրանց ընտրում են:

Սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը: Ի՞նչ եք ակնկալում նրա արդյունքներից:

Մեր գլխավոր նպատակն է այդ համաժողովում հաստատել Հայաստանի կառավարության սահմանամերձ շրջանների բարեկարգման ծրագիրը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Բացի գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումից, այդ ծրագիրն ունի նաեւ ռազմավարական նշանակություն երկրի համար: Սահմանամերձ շրջանները մեծ ուշադրության կարիք ունեն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների կողմից: Եթե մեզ հաջողվի համակարգել այդ ծրագիրն ու սկսել նրա իրագործումը, դա կլինի Հայաստան-Սփյուռք համաժողովի ամենաիրական արդյունքը:
---