Պաատա Զաքարեիշվիլի.

Վրաստանն երբեք Հայաստանին դեմ չի գնա

PanARMENIAN.Net - Վրաստանի մասնակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ նախագծերում, որոնք շրջափակում են Հայաստանը, հանգեցրել է նրան, որ Երեւանում շատերը սկսել են Վրաստանն ընկալել որպես ոչ բարեկամ երկիր: Վրաց իշխանությունների աճող հակառուսական ուղղվածությունը ՆԱՏՕ-ին որքան հնարավոր է շուտ ինտեգրվելու ձգտման հետ մեկտեղ կարող է հանգեցնել ուժերի հավասարակշռության փոփոխմանը տարածաշրջանում: Վրաստանում ստեղծված իրավիաճկի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին:
Չորս տարուց ավելի է անցել «վարդերի հեղափոխությունից» հետո: Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում Վրաստանում:

Չորս ու կես տարվա ընթացքում, այսինքն 2003 թվականի հունվարից Վրաստանում շատ բան է փոխվել, ես նույնիսկ կասեի, որ երկիրն անընդհատ է փոխվում: Սակայն ժողովուրդն արդեն սկսել է մտածել, իսկ արդյոք միշտ լավ են մշտական փոփոխությունները, չէ որ միշտ չէ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում: 4 տարվա ընթացքում շատ չմտածված քայլեր են կատարվել: Սակայն մենք այնուամենայնիվ առաջ ենք շարժվում: Ճիշտ է նաեւ այն, որ Միխաիլ Սահակաշվիլին այնքան անկանխատեսելի է, որ մենք երբեմն չգիտենք, թե նա ինչ կանի վաղը: Սակայն մեկ բան ես կարող եմ հաստատ ասել` Վրաստանն երբեք դեմ չի գնա Հայաստանին, ինչպես նաեւ տարածաշրջանին մյուս երկրներին: Տնտեսապես մենք մասնակցում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերին, սակայն մշակույթով եւ կրոնով մենք կապված ենք Հայաստանի հետ: Վրաստանն երբեք դաշինքի մեջ չի լինի մահմեդական երկրների հետ քրիստոնեական երկրի դեմ: Մի մոռացեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Կարս-Բաքու նախագծերը ամերիկյան նախագծեր են եւ Վրաստանը պետք է մասնակցի դրանց, քանի որ դա է պահանջում երկրի նախագահի հռչակած արտաքին քաղաքականությունը:

Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեղմ ասած, վերջին ժամանակներս այնքան էլ լավ չեն: Բնական է, վրացական կողմը մեղադրում է ռուսներին, եւ հակառակը: Ո՞վ է ճիշտ այդ մշտական վեճում:

Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեք շատ լավը չեն եղել: Այժմ նա փորձում է վնասել Վրաստանին ազնվորեն հարաբերությունները կարգավորելու փոխարեն, չգիտես ինչու ընտրում է գաղտնի ճանապարհներ: Եվ մենք էլ բոլոր մեր անհաջողությունների համար մեղադրում ենք Ռուսաստանին, ներկայացնելով նրան որպես գլխավոր մեղավոր: Դա, իհարկե, այդպես չէ: Սակայն հիշեք հետախույզների հետ կապված պատմությունը: Սահակաշվիլին օգտվեց այդ առիթից, մեկ անգամ եւս ցույց տալու համար Արեւմուտքին թե ինքն որքան հակառուսական է: Էդուարդ Շեւարդնաձեի խնդիրը, որին զուր չէ որ Խորամանկ Աղվես են անվանում, այն էր, որ նա միշտ խաղում էր բոլորի հետ` ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի: Սահակաշվիլին որոշեց բռնել Արեւմուտքի կողմը եւ այժմ ստացվում է, որ Վրաստանը ԱՄՆ-ի համար տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է: Իսկ դա շատ վատ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, հավասարակշռությունը բացակայում է:

Ինչպե՞ս է Վրաստանը պատրաստվում լուծել հակամարտությունները Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Ընդունելի է արդյո՞ք այստեղ Կոսովոյի տարբերակը:

Մեր հակամարտությունները շատ քիչ հնարավորություններ են թողնում անջատողականության համար: Այո, Կոսովոյի եւ Աբխազիայի միջեւ ինչ-որ ընդհանուր բան կա, սակայն տարբերություններն ավելի շատ են: Ճիշտ է, եթե Պրիշտինան ցանկանա անկախություն հռչակել, նա կհռչակի, ոչ ոքի չհարցնելով: Նույնը վերաբերում է գոտու բոլոր հակամարտություններին: Սակայն եթե համեմատենք Կոսովոյի հակամարտությունը եւ ԱՊՀ «սառեցված հակամարտությունները», ապա տեսեք, թե ինչ է ստացվում: Կոսովոյում 2 միլիոն ալբանացիներ են եւ շատ քիչ են սերբերը, իսկ Աբխազիայում բնիկ բնակչության քանակը երկու անգամ ավելի քիչ է, քան 2 հիմնական ազգությունները` հայերն ու վրացիները: Եվ հետո, եւս մեկ կարեւոր գործոն` Կոսովոյին սատարում է Ալբանիան, Լեռնային Ղարաբաղին` Հայաստանը, Աբխազիայի մեջքին ոչ ոք չկա: Ռուսաստանը հաշիվ չէ, քանի որ նա այնտեղ իր շահերն ունի: Կոսովոյի տարբերակը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղի հանդեպ, սակայն դա շատ երկարատեւ գործընթաց է` բոլոր հակամարտությունների կարգավորումը: Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիային, այստեղ ամեն ինչ ավելի բարդ է` կա Հյուսիսային Օսեթիա, որը ռուսամետ է տրամադրված: Թբիլիսին Վլադիկավկազի հետ նորմալ հարաբերություններում է, Հյուսիսային Օսեթիայով են անցնում Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող երկու ճանապարհները` Ռոքի լեռնանցքը եւ Վերին Լարսը:

Շատ է խոսվում մեսխեթցի թուրքերի Վրաստան, կոնկրետ Ջավախք վերադառնալու մասին: Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Ջավախքի եւ ողջ Վրաստանի կայունության վրա:

Սկսենք նրանից, որ մեսխեթցիների Վրաստանում վերաբնակվելու ցանկությունը չափազանցված է: Վերջին տվյալներով, Ղազախստանում, Ուզբեկստանում եւ այլ երկրներում բնակվող մեսխեթցի թուրքերը մոտ 130 հազար են, որոնցից մոտ 20 հազարը ցանկանում է վերադառնալ: Նկատեք, որ շատերը չեն ցանկանում մահմեդական երկրից գնալ քրիստոնեական երկիր, ինչպիսին Վրաստանն է: Նրանք գերադասում են Թուրքիա մեկնել: Մեսխեթցի թուրքերը զանգվածաբար բնակություն չեն հաստատի Ջավախքում, Վրաստանի ոչ մի կառավարություն չի դիմի նման քայլի: Ավելի շուտ Ջավախքի հայերն ու վրացիները կմիավորվեն մեսխեթցիների դեմ:

Դուք չեք ժխտի, որ Վրաստանում ուժեղ են հակահայկական տրամադրությունները: Ո՞վ է մեղավոր դրանում:

Վրաստանը դեռեւս իրեն պետություն չի զգում, ուստի եւ կա ինքնահաստատման քաղաքականություն, որը ենթադրում է ազգայնականություն: Այն առավելապես զգացվում է կենցաղային մակարդակով, սակայն վրացիների համար թշնամու կերպար է անհրաժեշտ, որն էլ դարձել է հայի կերպարը: Սակայն դա հայերի մեղքը չէ, արմատները վրացիների մեջ են, վրացական մտածելակերպի: Նրանք վատ են վերաբերվում նաեւ ադրբեջանցիներին: Ճիշտ է, այժմ չեն ասում, ինչպես Գամսախուրդիայի ժամանակ` «Վրաստանը վրացիների համար», սակայն որոշ բաներ այն ժամանակներից մնացել են: Ջավախքի խնդրում մեղավորը միայն վրացական կառավարությունն է: Ես կարծում եմ, որ ինքնավարություն տրամադրելու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, այդ թվում Ջավախքին: «Ինքնավարություն» հասկացությունը ենթադրում է միայն ինքնակառավարում:

Եվ պետք չէ մոռանալ, որ վրաց հանրությունը վախ ունի ինքնավարությունների վերաբերյալ, ինչը միանգամայն բացատրելի է, եթե հաշվի առնենք Վրաստանի փաստորեն անջատված ինքնավարությունները` Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Մենք քննարկում ենք ինքնավարությանը հասնելու ջավախահայերի բոլոր քայլերը, մինչեւ լիակատար անջատում, սակայն չէ որ դա այդպես չէ: Վախի պատճառն այն է, որ մենք չգիտենք միմյանց: Մենք պետք է նստենք եւ քննարկենք, թե ինչ են ուզում Ջավախքի հայերը եւ ինչ կարող է առաջարկել նրանց Վրաստանը:
---