Ֆրանսիայի համար կարեւոր են հայ-թուրքական հարաբերությունները

Սերժ Սմեսով.

Ֆրանսիայի համար կարեւոր են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ԵՄ նախագահի գործառույթները անցել են Ֆրանսիային 12-րդ անգամ: Նախագահը մեծ մասամբ որոշում է ԵՄ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարների գագաթաժողովների մթնոլորտը, որոնց ժամանակ որոշվում է կազմակերպության գործունեության կարեւորագույն հարցերը: Համանախագահ երկրների միջնորդական տաղանդից է կախված մասնակիցների պատրաստակամությունը` փոխզիջման գնալու հարցում: ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության գերակա ուղղությունների, ինչպես նաեւ Ղարաբաղի հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ԵՄ նախագահի մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:
Հուլիսին Ֆրանսիան ստացավ Եվրամիության նախագահի գործառույթները: Ինչպիսի՞ն են լինելու ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության գերակայությունները:

Եվրամիության իր նախագահության համար Ֆրանսիան նախանշում է չորս գերակայություն:

-Նախ էներգետիկային եւ կլիմային վերաբերող հարցեր, որոնք հարկ է միավորել եվրոպական էներգետիկ քաղաքականությանը: Ֆրանսիական նախագահությունը ցանկանում է, որ 2008-ի վերջին ձեռք բերվի «Կլիմա/էներգետիկա» փաթեթի վերաբերյալ համաձայնագիր, 2009-ին Կոպենհագենի համաժողովի հեռանկարում կլիմայական հարցերին նվիրված միջազգային բանակցություններում Եվրամիության շարժիչ ուժն ամրապնդելու նպատակով: Սրանից զատ, Ֆրանսիական նախագահությունը միաժամանակ հանդես կգա Եվրամիության անդամ երկրներին եւ արտաքին գործընկերներին, մասնավորապես Ռուսաստանին առնչվող էներգետիկ անվտանգության առաջարկություններով:

- Երկրորդը` իմիգրացիա: Ֆրանսիան միջազգային էմիգրացիոն հոսքերի առաջին կետն է աշխարհում: Ֆրանսիան գիտակցում է, Եվրամիության անդամ երկրների ապաստարան տրամադրելու, ընդունելու եւ ինտեգրման քաղաքականությունն ուժեղացնելու, ապօրինի ներգաղթի դեմ պայքարի եւ համատեղ զարգացմանն ուղղված գործողությունները համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Իր եվրոպական գործընկերներին Ֆրանսիան կառաջարկի իմիգրացիայի եւ ապաստարան տրամադրելու մասին եվրոպական դաշնագիր, որը կներկայացվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հաստատմանը Եվրոպական խորհրդի հոկտեմբերին նախատեսված հավաքի ժամանակ: Խոսքը վերաբերում է ընդհանուր միգրացիոն քաղաքականության առաջընթացին նոր թափ տալուն:

- Գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականություն- Գլոբալիզացիան տեղիք է տալիս մտածելու այս ոլորտի ընդհանուր քաղաքականության մասին` ուղղված Եվրոպական գյուղատնտեսության ապագայի վերաբերյալ որոշ ընդհանուր սկզբունքներ մշակելուն. պարենային անկախություն, պարենային անհավասարակշռությունների շտկում աշխարհում, կայուն զարգացում, տարածքների հավասարակշռված բնապահպանություն, պարենամթերքի որակ - անվտանգություն:

- Անվտնգություն եւ պաշտպանություն - Ֆրանսիան փաստում է, որ չնայած անվտանգության եւ պաշտպանության եվրոպական քաղաքականության հաստատուն առաջընթացին, Եվրոպան դեռեւս չունի աշխարհում այս ոլորտի գլոբալ մասնակից լինելու միջոցներ: Նա ցանկանում է, որ անվտանգության եւ պաշտպանության եվրոպական քաղաքականությունն իրականացվի ՆԱՏՕ- ի հետ փոխլրացյալությամբ, քանի որ ճգնաժամերի բազմապատկմամբ աշխարհում օպերատիվ կարողությունների ուժեղացումը դառնում է օրախնդիր:

Նշածս գերակայությունները չեն բացառում հատուկ ուշադրության արժանի միջազգային մի շարք հարցեր, ինչպիսիք են Միջերկրական ծովամերձ երկրների միությունը, Բալկաններին առնչվող խնդիրները, իրավիճակը Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում, Օվկիանիայում:

Ինչ վերաբերում է Լիսաբոնի համաձայնագրին, ապա հանրաքվեի տապալումը Իռլանդիայում ի հայտ բերեց Եվրոպայի ապագայի համար լուծում որոնելու կարեւորությունը: Այս իմաստով, շեշտը պետք է դրվի եվրամիության քաղաքացիների համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում կոնկրետ արդյունքներ ստանալու վրա:

Ինչպե՞ս կարող է Ֆրանսիայի նախագահությունը ԵՄ-ում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա այն առումով, որ Ձեր երկիրը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

Մինսկի խմբի համանախագահները հատկապես հնարամիտ եղան ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք ծառայող սկզբունքների վերաբերյալ փոխզիջում գտնելու մեջ: Այդ ջանքերը հանգեցին անցյալ տարի Մադրիդում ԵԱՀԿ միջնախարարական համաժողովին ներկայացված առաջարկությանը: Նախագահական ընտրությունները Հայաստանում եւ աշնանը Ադրբեջանում հնարավորություն չեն ընձեռի ճեղքում գրանցելու այս տարի, սակայն գոհունակությամբ փաստում ենք, որ մի քանի ամսվա ընդմիջումից հետո, բանակցային գործընթացը վերսկսվել է եւ որ երկու երկրների նախագահները հանդիպել են:

Այժմ Թուրքիայի անդամակցության մասին ԵՄ-ին: Ինչպե՞ս կազդի Ֆրանսիայի նախագահությունը ԵՄ-ում այդ գործընթացի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ պաշտոնական Փարիզը դեմ է Թոււրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը որպեսզի շարունակվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: Այդուհանդերձ, Ֆրանսիան բացառում է, որ վերջիներս նախատեսեն հավանական անդամակցում: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հստակ արտահայտել է Թուրքիայի անդամակցության մասին իր ընդդիմությունը: Բոլոր դեպքերում, բանակցությունների ավարտին այդ հարցը Ֆրանսիայում կդրվի հանրաքվեի:

Չէ՞իք կարող պատմել այն մասին` ինչ կոնկրետ քայլեր են արվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանին աջակցելու համար:

Գուցե մի քիչ վաղ է հարցին պատասխանելու համար, որովհետեւ այս փուլում խոսքը զուտ ծրագրերի մասին է: Կարելի է դրանք բաժանել երկու մասի: Մի կողմից ավանդական տեխնիկական աջակցություն, մյուս կողմից թվինինգ ծրագրեր, որոնք կառարկայանան մոտակա աշնանից: Թվինինգ ծրագրերի մասով, ենթադրվում է Եվրահանձնաժողովի օգնությամբ մեկ կամ մի քանի երկրների օժանդակություն վարչական եւ իրավական ոլորտներում: Ծրագրերի ցուցակը դեռեւս վերջնականապես հաստատված չէ, բայց դրանք կընդգրկեն օժանդակություն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուժեղացմանը, թռիչքների անվտանգությանը (հայկական քաղաքացիական ավիացիայի նորմերի ստանդարտավորում), որեւէ օրինագծի ֆինանսական հետեւանքները նախապես սահմանելու հնարավորություն ընձեռող արժեքային ցուցիչի մշակում:

Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը վերջերս հայտարարել է «ԵՄ- Արեւելյան Եվրոպա» միության հեռանկարի մասին, որը ենթադրում է Հարավային Կովկասի երկրների մերձեցումը ԵՄ-ի հետ: Եւ այդ նախաձեռնությունը ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գտնում: Ինչպե՞ս է այդ ծրագրին վերաբերվում պաշտոնական Փարիզը:

Որքան գիտեմ, այս առաջարկի մասին չկա դեռեւս Ֆրանսիայի վերջնական դիրքորոշում: Պարզապես կնշեմ, որ գործողությունների պլանը բացահայատում է մեծ ներուժ Հարավկովկասյան երկրների եւ Եվրամիության մերձեցման համար, լինի դա պետության արդիականցում, ժողովրդավարություն կամ տնտեսական սերտացում, արդյունքում տարածաշրջանի երկրների եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությամբ:

Ի՞նչ սկզբունքով են կառուցվում Ֆրանսիայի եւ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունները:

Ֆրանսիան այն երկրներից մեկն է, որն արտահայտվել է Հարավկովկասյան երկրները Եվրամիության հարեւանության ծրագրում ընգրկելու օգտին: Սա մեր կարծիքով նշանակում է, որ տարածաշրջանի երկրները կոչված են յուրահատուկ հարաբերություն ունենալու Եվրամիության հետ: Խոսքն ակներեւ հավակնության մասին է, որի հետ պետք է համակարծիք լինել եւ որը պետք է հենվի ընդհանուր սկզբունքների եւ արժեքների վրա:

Որքանո՞վ է ԵՄ-ն շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ եւ, ըստ Ձեզ, ինչ քայլեր են անհրաժեշտ այց ուղղությամբ:

Ֆրանսիան կարեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Ֆրանսիացի ղեկավարները չեն զլանում այդ հարցն արծարծել իրենց թուրք զրուցակիցների հետ: Մենք միայն կորող ենք խրախուսել հայկական կողմի նախաձեռնությունները եւ նշել վերջերս թուրքական կողմից ուղարկված ուղերձները: Մեր կարծիքով Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացրած թեկնածուն չի կարող հավերժ մերժել հարաբերություններ հաստատել, մանավանդ դիվանագիտական, եւ փակ պահել սահմանն իր հարեւաններից մեկի հետ:
---