Արա Քոչունյան.

Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է

PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական համայնքը Սփյուռքում ամենահինն է եւ միաժամանակ` ամենախոցելին: Թուրքիայում ապրելն ու հայ մնալը բավական բարդ է: Բայց դե ապրում են, եւ վերջերս համայնքը նույնիսկ ընդլայնվել է, որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանից մեկնողների հաշվին: Այնուամենայնիվ, ինչպես համայնքում, այնպես էլ ողջ Թուրիքայում, կան տաբուներ` սահմանափակումներ, որոնք գործում են, չնայած Թուրքիայի իշխանությունների` դեպի ԵՄ ձգտելուն: Ստամբուլյան համայնքի այժմյան կյանքի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը:
Դժվա՞ր է արդյոք Թուրքիայում հայկական թերթի գլխավոր խմբագիր լինել

Սկսեմ նրանից, որ «Ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրն եմ ես, Սփյուռքում փոքրաթիվ հայկական օրաթերթերից մեկն է: Թուրքիայի բոլոր ԶԼՄ-ների համար, այդ թվում` հայկական, գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ: Մենք, օրինակ, մեր թերթում չենք օգտագործում «Հայոց ցեղասպանություն» տերմինը եւ ոչ այն պատճառով, որ ժխտում ենք այդ փաստը: Ուղղակի Թուրքիայում դա շատ ցավոտ խնդիր է, եւ այն բանից, որ հենց մենք գրենք այդ մասին, ոչինչ չի փոխվի: Մեր օրաթերթն իր ուժերի ներածի չափով փորձում է հասարակությանը ներկայացնել 1915թ. իրադարձությունների զանազան տարբերակներ: Իսկ թե դրանցից ինչ եզրակացություններ կանի ընթերցողը, իր խնդիրն է: Տվյալ հարցում, իմ կարծիքով, տերմինաբանությունը երկրորդական դեր է խաղում: Ստամբուլի հայկական համայնքը բավական բարդ իրադրության մեջ է գտնվում: Մի կողմից մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, մյուս կողմից` 1915թ. իրադարձությունների զոհերի հետնորդները, երբ Ստամբուլի 200 հազարանոց հայկական համայնքից մնացին ընդամենը մի քանի տասնյակ հազարը: Եւ մենք, իհարկե, չենք մոռանում Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային ջարդերի մասին: Այդ ամենի մասին մենք մշտապես ստիպված ենք լինում հիշել: Թուրքիայում յուրաքանչյուր ոչ միայն հայ խմբագիր ունի «ներքին գրաքննիչ»:

Ո՞րն է Ձեր կարծիքով Սփյուռքի գլխավոր խնդիրը

Գլխավոր խնդիրը հայերեն լեզուն է, ավելի ճիշտ` նրա պահպանումը: Ներկայումս աճել է մի ամբողջ սերունդ, որը դժվարությամբ է հասկանում եւ արտահայտվում մայրենի լեզվով: Այդ իսկ պատճառով շատ թերթեր լույս են տեսնում երկու լեզվով: Մինչեւ վերջերս բացառություն էր կազմում ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez թերթը, բայց նա էլ սկսեց հրատարակվել երեք լեզվով` հայերեն, անգլերեն եւ իսպաներեն: Հակառակ դեպքում հայկական մամուլը պարզապես գնորդ չի ունենա... Մեր թերթն իր գոյության 100 տարվա ընթացքում կարողացել է պահպանել իր ընթերցողին, որին մենք ներկայացնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի իրադարձությունների զանազան տեսակետներ:

Ինչպե՞ս եք Դուք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը եւ, որպես հետեւանք, հայ-թուրքական սահմանի բացումը

Իմ կարծիքով, մենք չպետք է վախենանք, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասապես անդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա: Ազգերը պետք է շփվեն. առանց դրա երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները լուծում չեն ստանա: Հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներից: Ներկայումս շատ փոքր քայլ է արվել: Տվյալ դեպքում չարժի շտապել, առավել եւս, հաշվի առնելով տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը: Զարգացման տրամաբանությունն ասում է, որ Կովկասի սահմանները պետք է բացվեն, ամբողջ հարցը նրանում է, թե երբ դա տեղի կունենա: Թուրքիան, առհասարակ, շատ պրագմատիկ երկիր է: Օրինակ, Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմից հետո նրանք եկան այն եզրակացությանը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ավելի լավ է Հայաստանով անցկացնել, որովհետեւ վրացական ճանապարհն անապահով է դարձել: Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է:

Հայ ազգի ամենացավոտ հարցը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: Դուք արդեն ասացիք, որ ձեր թերթում չեք օգտագործում այդ տերմինը...

Այդ հարցում, ինչպես ես արդեն ասացի, մենք փորձում ենք անաչառ լինել... Բայց, ինչպես դուք գիտեք, Թուրքիայում այդ բառը տաբու է: Իհարկե, մենք հիշում ենք 1915թ. դեպքերի մասին, որոնց արդյունքում հայ ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ: Բայց մեզ համար ամենագլխավորը համայնքի կյանքի լուսաբանումն է, առավել եւս, որ վերջին տարիներին այն ընդլայնվել է Հայաստանից մեկնողների հաշվին: Նրանք ապրում եւ աշխատում են Ստամբուլում, նրանց ոչ ոք ծուռ աչքով չի նայում: Իհարկե, քրիստոնյաներին դժվար է ապրել իսլամական երկրում, նույնիսկ չնայած նրան, որ Թուրքիան, թերեւս, աշխարհիկ երկիր է: Բայց այստեղ շերտավորումն ավելի շատ եւ կտրուկ է, քան, ասենք, Հայաստանում: Ստամբուլում, Անկարայում մարդիկ բոլորովին այլ հասկացություններով են ապրում, քան մնացած Թուրքիայում: Եթե այդ ամենին ավելացնենք Օսմանյան կայսրությունից մնացած գերտերությանը հատուկ մտածելակերպը, դուք կհասկանաք, թե որքան դժվար է Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին:

Կա՞ն արդյոք նորություններ Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության գործընթացում

Ներկայումս դատարանն արձակուրդի մեջ է, լսումները կսկսվեն մոտ մեկ ամսից: Բայց ես չեմ ,կարծում, որ որեւէ նորություն լինի: Հրանտ Դինքին սպանողը` Օգյուն Սամաստը, ընդամենը Դինքին գնդակահարած պատանի է: Մինչդեռ դատարանին հարկավոր է հստակ իմանալ, թե ով էր կանգնած մարդասպանի մեջքին, եւ ով է, կոպիտ ասած, ատրճանակը նրա ձեռքը տվել: Բայց գործը դեռեւս առաջ չի գնում: Գտնվել են ինչ-որ երկու նոր վկաներ, տեսնենք:

Ի՞նչն է ներկայումս կազմում Ստամբուլի համայնքի առօրյան

Մենք ապրում ենք, փորձում լուծել մեր խնդիրները ինչպես պետական, այնպես էլ ներհամայնքային մակարդակով: Համայնքն ունի հիվանդանոց, դպրոց. այդ ամենը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի հովանու ներքո: ԵՄ պահանջով Թուրքիայում սկսել են կրոնական փոքրամասնություններին վերադարձնել իրենց պատկանած կառույցները, թույլ են տվել կառուցել, վերականգնել կառույցներն ու եկեղեցիները: 2-3 տարի անց մեզ վերադարձրած տարածքում մենք արդեն նոր տներ կունենանք: Համայնքը մարդուն թույլ է տալիս պահպանել իր հավատը, ավանդույթներն ու լեզուն:

Կարծիք կա, որ Կոստանդնուպոլսյան Պատրիարխը հաստատվում է Թուրքիայի կառավարության կողմից: Որքանո՞վ է ճիշտ այս պնդումը

Դա բոլորովին էլ այդպես չէ: Պատրիարխին ընտրում է համայնքի խորհուրդը` բաղկացած 99 հոգուց, որոնցից 10-ը հոգեւոր, իսկ 89-ը աշխարհիկ անձինք են: Պատրիարխը, որը համաձայն թուրքական սահմանադրության կրոնական փոքրամասնության առաջնորդն է, ընտրվելուց հետո նամակ է ստանում Թուրքիայի նախարարների գրասենյակից, որում Պատրիարխին շնորհավորում են եւ թույլ տալիս իր աստիճանը մատնանշող հագուստ կրել, քանի որ Թուրքիայի հոգեւոր անձինք իրավունք չունեն իրենց պատկանելությունը ցույց տվող հագուստ կրել: Բացառություն են կազմում միայն հայ եւ հույն քրիստոնյա պատրիարխները: Համայնքի հոգեւոր առաջնորդը շնորհավորական կոնդակ (բուլլա) է ստանում նաեւ Համայն հայոց Կաթողիկոսից, որը հաստատում է նրա ընտրությունը:
---