«Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»

Իգոր Կլիմկո.

«Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»

PanARMENIAN.Net - 2009 թ. նշանավորվեց բջջային կապի երրորդ օպերատորի, մեծածախ ինտերնետի երրորդ պրովայդերի եւ հաստատագրված հեռախոսային կապի այլընտրանքային օպերատորների մուտքով հայկական շուկա: «ԱրմենՏել» (Beeline) հեռահաղորդակցության առաջատար ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է կապի ծառայության շուկայում ընթացող սուր մրցակցային պայմաններում ընկերության զարգացման մասին:
Պարոն Կլիմկո, այսօր բջջային հեռախոսակապի բաժանորդների ի՞նչ բազա ունի «Բիլայնը»:
2009 թ. տվյալների համաձայն, մեր ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը հասնում է 545 հազարի, նույն թվի երրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 8,6 %-ով: Սա բավականին շոշափելի աճ է, եթե հաշվի առնենք շատ կարճ ժամանակահատվածն ու բջջային շուկայում տիրող սուր պայքարը: Որպես ղեկավար ինձ համար այս նվաճումը հատկապես թանկ է, քանի որ աճ տեղի ունեցավ երրորդ օպերատորի մուտք գործելու հետ միաժամանակ: Կարող եմ ասել, որ այս լավ ցուցանիշը նաեւ օրինակ է այն բանի, թե ինչպես է մրցակցությունը ստիպում շուկայի բոլոր մասնակիցներին կենտրոնացնել սեփական ուժերը` լավագույն արդյունքների հասնելու համար:

Բացի այդ, Հայաստանի կապի շուկայի բոլոր օպերատորները ակտիվ բաժանորդների բազան հաշվելու իրենց մեթոդն ունեն; Մենք հաշվառում ենք եռամսյա ակտիվ բաժանորդային բազան: Այսինքն` հաշվառվում է այն բաժանորդը, ով վերջին երեք ամսվա ընթացքում կատարում է վճարային որեւէ ակցիա` զանգ, sms հաղորդագրություն, բջջային ինտերնետից է օգտվում եւ այլն; Այլ օպերատորներ ակտիվ են համարում վեցամսյա, տարեկան, տասնութ ամսվա բազան: Ես կարծում եմ, այն քաղաքականությունը, որ վարում է «Վիմպելկոմը», բաժանորդի հաշվառման հարցում ամենախիստն է:

Ի՞նչ կարծիք ունեք բջջային կապի հագեցվածության մասին: Արդյոք Հայաստանը շատ «նեղ» չէ՞ բջջային երեք օպերատորի համար:
Շուկան, կարծում եմ, հագեցած էր դեռեւս երրորդ օպերատորի մուտք գործելուց առաջ, եւ ես լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ եմ ասել 100% հագեցած լինելու մասին: 2009 թ. չորրորդ եռամսյակում գների իջեցման դինամիկան եւ երրորդ օպերատորի մուտքը ակնհայտորեն ցույց են տալիս, որ ներկայում մրցակցությունը երկու ուղղությամբ է ընթանում` ավելանում է այն բաժանորդների քանակը, ովքեր ունեն երկու, նույնիսկ երեք հեռախոս, եւ բաժանորդները մեկ օպերատորից մյուսին են անցնում:

Հայաստանում բջջային ինտերնետից օգտվողներին հաշվառելիս խնդիրներ են առաջանում, քանի որ GPRS կամ 3G ծառայություններով հեռախոս ունեցողներից ոչ բոլորն են օգտվում դրանցից: Հաշվարկի ի՞նչ համակարգ է ձեզ մոտ գործում:
Տեսականորեն 3G, GPRS կամ WAP տեխնոլոգիաներով բջջային հեռախոս ունեցող բաժանորդը, որի հեռախոսի այս ծառայություններն ակտիվացած են, արդեն բջջային ինտերնետից օգտվող է եւ այս չափանիշով հաշվարկելը ճիշտ է ու կոռեկտ: Սակայն պետք է հիշել, որ բաժանորդը ամեն պահի կարող է դադարել ծառայությունից օգտվելուց, հրաժարվել ակտիվացումից, հետո կրկին ակտիվացնել: Բաժանորդը, որ գնել է 3G մոդեմ, կարող է չօգտվել դրանից, բայց ակտիվորեն ձեռք բերել տեղեկատվություն: Հետեւաբար, բաժանորդներին հաշվել միայն ըստ քանակի` քաղաքավարության դեմ է: Կարող եմ ասել, որ «Բիլայնի» ավելի քան 100.000 բաժանորդներ ներկայում օգտվում են բջջային ինտերնետից:

Անցյալ տարվա վերջում օպերատորներից մեկը հայտարարել էր Հայաստանում 4G կապ տրամադրելու մասին: «ԱրմենՏելն» ունի՞ արդյոք այդպիսի ծրագրեր:
«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել է Ղազախստանում LTE ցանցի կառուցման մասին: Դա ԱՊՀ տարածքում նմանատիպ ցանցի կառուցման առաջին փորձն է լինելու: LTE ցանցի թողարկման պիոները TeliaSonera օպերատորն է Շվեյցարիայում եւ Նորվեգիայում: Ես համոզված եմ, որ բարեհաջող թողարկման դեպքում «Վիմպելկոմ»-ը իր տեխնոլոգիան կտանի այն երկրներ, որտեղ կա իր ցանցը, այդ թվում նաեւ Հայաստան: Այստեղ կարեւոր է նշել, որ Հայաստանում LTE ցանցի կառուցման ծրագրերի վրա մեծ ազդեցություն է գործելու ձայնածավալի հաճախականության կարգավորման մասին որոշումը, դրանցով էլ թույլատրվելու է Հայաստանում ցանցի կառուցումը: Ըստ մեր տեսակետի, առավելագույն է համարվում 700-800 Մհց ձայնածավալի հաճախականությունը:

Այլ օպերատորների արտոնագրի ձեռք բերումից հետո ֆիքսված հեռախոսակապի շուկայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
Վերջերս ֆիքսված կապի նոր օպերատորների եւ «Արմենթել» ընկերության միջեւ հաստատվեցին տարիֆները, եւ արդեն համաձայնագիր է ստորագրվում` ըստ ֆիքսված կապի միացման ուղղությամբ հասարակական ծառայությունների կարգավորման գծով հանձնաժողովի որոշման մեջ շարադրված պահանջների: Թե ինչ փոփոխություններ կլինեն, դեռեւս վաղ է խոսելը: Կսպասենք շուկայում նոր օպերատորների մուտք գործելուն: Ես կարծում եմ, որ «ԱրմենՏելը»` որպես կապի ինտեգրված օպերատոր, միանգամայն մրցունակ է այն բոլոր շուկաներում, որտեղ գործում է:

Հայաստանում շարունակվում է կապի ուղիների դիվերսիֆիկացումը, սակայն ինտերնետի որակը նախկինի նման է: Ընկերությունում ինտերնետ կապի որակը բարելավելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
Վերջին ամիսներին տիրող իրավիճակը նկատի ունենալով, չեմ կարող համաձայնել, որ ինտերնետի որակը թույլ է մեզ մոտ: «ԱրմենՏելում» ինտերնետի որակը շատ բարձր մակարդակի վրա է: Մենք մանրազնին եւ ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը: Արդեն չորս ամսից ավելի է, ինչ գործարկում ենք ADSL 2+ տեխնոլոգիան, ինչը հնարավորություն է տալիս սահմանել բավականին մեծ արագություններ սակագնային այն ծրագրերում, որտեղ արագությունը լիմիտավորված չէ: Ընկերությունը մշտապես մեծացնում է ծավալը, Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող արտաքին ուղիների քանակը: Այսպես, օրինակ` կապի ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ վերջին քայլերից մեկը եվրոպական մայրուղու միացումն էր ինտերնետային ցանցին (backbone): Արդեն մեր ունեցած երեքին լրացուցիչ նոր ուղղությունը նոր մայրուղի կդառնա, որն «ԱրմենՏելը» կապահովի ինտերնետ ելքով, բավականին կմեծացնի մեր միջազգային ուղիների անցագրային հնարավորությունը, կբարձրացնի արագությունը դեպի եվրոպական ռեսուրսներ, կբարձրացնի կապի որակն ու հուսալիությունը, իսկ երկրում` տեղեկատվական անվտանգությունը:

Բացի այդ, երկրի ներսում մենք ավարտել ենք Հյուսիսային օպտիկամանրաթելային օղակի կառուցումը, որի երկարությունը 120 կմ է, իսկ Հարավայինի աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Գարունն սկսվելուն պես մենք կշարունակենք շինարարական աշխատանքները: Երկրի ներսում տրաֆիկի փոխանցման արագության վրա այն շատ չի ազդի, սակայն երկրի ներսում տվյալների փոխանցման հուսալիությունը մի քանի անգամ կբարձրանա:

Դուք հաճախ եք խոսում հայկական ինտերնետ-կոնտենտի զարգացման անհրաժեշտության մասին: «ԱրմենՏել» ընկերությունն արդյոք պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերելու այս հարցում, ինչը վերջին հաշվով, կօգնի ձեզ նվազեցնել միջազգային տրաֆիկի ծախսերը:
Այո, ես բազում անգամ նշել եմ, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել eXchange կենտրոններ` հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, տեղեկատվական շուկայի շահերը` արտաքին ուղիների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու եւ բաժանորդի համար ինտերնետ ծառայությունների ինքնարժեքը կրճատելու համար:

«ԱրենՏելը» պատրաստ է աջակցելու ամեն նոր գործի, որը ծավալելու է հասարակության կյանքի բոլոր ոլորտներում բարձր տեխնոլոգիաների ներթափանցումը, այդ թվում նաեւ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` այդպիսի ռեսուրսներ ստեղծելու համար: Եթե ուզում եք, կարող եք համարել, որ դա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Ես հուսով եմ, որ համաշխարհային տեղեկատվական տարածության մեջ Հայաստանի ինտեգրման հարցում մենք միայնակ չենք, եւ այս հարցում այլ կազմակերպություններից ու կառավարության մարմիններից եւ, ընդհանրապես, հասարակությունից կգտնենք աջակցություն ու համագործության առաջարկություն: Ես համոզված եմ, որ համալիր մոտեցման դեպքում, երբ գործընթացի բոլոր մասնակիցները գիտեն խաղի կանոնները եւ պատկերացնում են թե որ ուղղությամբ է առաջընթացը լինելու մոտ հեռանկարում, կարելի է հեշտորեն համաձայնեցնել գործողությունները եւ հասնել առավելագույն արդյունքի: Ավելացնեմ, որ մենք արդեն որոշակի քայլեր ձեռնարկում ենք, սակայն ես ավելի շատ սիրում եմ աշխատանքի արդյունքի մասին խոսել, քան գործընթացի:

Հայաստանում 2009 թ. «Վիմպելկոմ» ընկերության դրամամուտքը նախորդ տարվա համեմատ կրճատվել էր մոտավորապես 7 տոկոսով: Ինչո՞վ է բացատրվում այս անկումը, եւ ի՞նչ միջոցներ եք մտադիր ձեռնարկել այս տարի:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ արդեն իսկ հագեցած շուկայում երրորդ օպերատորի մուտքի պայմաններում այդ գործընթացը սպասելի էր եւ օրինաչափ: Այս մասին խոսում է, առաջին հերթին, MOU ցուցանիշը (հեռախոսային կապի ծառայությունների համար բաժանորդի օգտագործած րոպեների քանակը - խմբ.), ինչը 2008 թ. 250 րոպեից 2009 թ. բարձրացել է` հասնելով 268 րոպեի: Այսինքն` բաժանորդները ավելի քիչ չեն խոսում, սակայն բաժանորդների բազան աճել է, հետեւաբար դրամամուտքի կրճատումը կապի շուկայի անկման արդյունք է, միեւնույն ժամանակ այն նաեւ երրորդ օպերատորի շուկա մուտք գործելու արդյունքն է:

«ԱրմենՏել» ընկերությունն ի՞նչ հիմնական նպատակներ է դրել իր առջեւ:
Ընդհանուր առմամբ, 2009 թ. հաջողակ տարի էր: Մենք չենք պատրաստվում կանգ առնել եւ 2010 թիվն ավելի հետաքրքիր է լինելու: Մենք պատվաբեր նպատակներ ու խնդիրներ ունենք, չէ՞ որ «ԱրմենՏելը» մեծ հնարավորություններ ունեցող հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է, եւ մեր հաճախորդները մեզանից միայն լավագույն առաջարկներ են սպասում: Անկասկած, մենք շարունակելու ենք առաջնահերթ ուշադրություն դարձնել հաճախորդներին մատուցվող ծառայություններին: Մենք ուզում ենք, որ մեր բոլոր գրասենյակներում հաճախորդներին բարեկրթորեն, ուշադիր սպասարկեն եւ հոգատար լինեն: Ծրագրում ենք ընդարձակել 3G ցանցը, եւ այս ուղղությունը նույնպես համարում ենք շատ կարեւոր, քանի որ նոր սերնդի մոտ ծառայությունների պահանջարկն աճում է, դրան զուգահեռ աճում է նաեւ մեր բջջային ինտերնետի պահանջարկը: Նորություններ են սպասվում նաեւ Hi-Line ծառայությունից օգտվող բաժանորդներին: Մենք ինտերնետ ծառայությունների շուկայի առաջատարներն ենք եւ շարունակելու ենք այդպիսին մնալ նույնիսկ երկրում ինտերնետի ներթափանցման աճի դեպքում:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
---