AI, IoT ու ընդլայնման նպատակներ

AI, IoT ու ընդլայնման նպատակներ

Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով

ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող հայկական Instigate Mobile ընկերությունը վերաբրենդավորման արդյունքում հաճախորդներին է ներկայանում նոր անվամբ. zealous-ը ոչ միայն արտացոլում է ընկերության արժեքներն ու ձգտումները, այլև դառնալու է այն խորհրդանիշը, որով հայկական ընկերությունը ճանապարհ է հարթելու ՏՏ փոփոխական և արագ աճող աշխարհում։

PanARMENIAN.Net - Ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը PanARMENIAN.Net ին պատմել է Instigate Mobile-ի անցած ճանապարհի, վերաբրենդավորման անհրաժեշտության ու արդեն նոր անվամբ հանդես եկող zealous-ի հեռանկարների ու նպատակների մասին։

Instigate-ն իր գործունեությունը սկսել է 2005 թվականին` դիրքավորվելով որպես էլեկտրոնային կիսահաղորդիչների, սխեմաների նախագծման ավտոմատացման ոլորտում ծառայություններ մատուցող։ 2008-2009 թվականներին, երբ սկսեց մոբայլ աշխարհի զարգացումը, Instigate-ն ընդլայնեց իր գործունեության ոլորտները` ընդգրկելով նաև վեբ, մոբայլ հավելվածները։

«Սակայն տարիների ընթացքում հասկացանք, որ ոլորտները միմյանցից էապես տարբերվում են, տարբերվում է նախագծերի ձևաչափը, անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները: Արդյունքում, 2012-ին ստեղծվեց նոր ընկերություն` Instigate Mobile-ը, որը կենտրոնացած էր նոր ուղղությունների վրա», - ասում է Արտակ Չոփուրյանը։

Այսօր արդեն ընկերությունն ունի ավելի քան 260 թիմակից, գլխամասը Երևանում է, ունի մասնաճյուղեր Վանաձոր, Գյումրի, Գորիս, Կապան ու Ստեփանակերտ քաղաքներում, վերջերս նաև մի քանի թիմակից` Կալիֆոռնիայում: Ընկերությունն աշխատում է միջին ու խոշոր ընկերությունների հետ՝ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ասիայից, օգնում է գործընկերներին տեխնոլոգիաներով՝ առաջարկելով նոր լուծումներ կամ բարելավելով նրանց լուծումները։

Ռեբրենդինգի մասին

«Չնայած Instigate Mobile-ը սկսել էր վեբ, մոբայլ հավելվածներից, տարիների ընթացքում ձեռք էր բերել նոր հմտություններ, թիմն աճել էր, ընկերությունն էլ ընդլայնել էր իր գործունեության շրջանակը։ Սակայն ինքը` Instigate Mobile անվանումը շատերի մոտ տպավորություն է թողնում, թե մենք զբաղվում ենք միայն մոբայլ հավելվածներով, ինչը մեր ծառայությունների միայն փոքր մասն է. ընկերությունն այսօր զբաղվում է նաև արհեստական բանականության (AI), իրերի համացանցի (IoT) լուծումներով, իրականացնում է ֆունդամենտալ հետազոտություններ, մշակում կորպորատիվ լուծումներ և այլն: Հետևաբար, Instigate Mobile անվանումը չէր արտահայտում ոլորտային այն ամբողջ սպեկտրը, որում աշխատում է ընկերությունը», - նշեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, կարևոր էր ոչ միայն արտահայտել ոլորտային ներգրավվածությունը, այլև` ընկերության հիմնական արժեքները, նպատակները, ուր է այն ձգտում, որ ուղղությամբ է շարժվում.

«Արդյունքում, վերաբրենդավորման կարիք առաջացավ։ Ընտրվեց zealous անվանումը, որը, չնայած, իր մեջ չի կրում որևիցէ տեխնոլոգիական տերմինաբանություն, բայց նշանակում է «ջերմեռանդ», «նպատակասլաց», հաղորդում է այն դրական էներգիան, կիրքը, եռանդը, որով առաջնորդվում ենք, ցույց է տալիս՝ ինչին ենք ձգտում թե ընկերության ներսում` առօրյա աշխատանքում, թե մեր պատվիրատուների հետ, թե մեր համայնքներում, որտեղ մասնաճյուղեր ունենք: Կարծում ենք՝ անվանումը լավ փոխանցում է այդ արժենքներն ու նպատակները»:

AI-ի մասին

ՏՏ ոլորտում AI բում է, ու zealous-ն անմասն չի մնում այս իրադարձություններից։ Ընկերության հիմնական փորձառությունը կապված է համակարգչային տեսողության (computer vision) հետ` նկարների, տեսանյութերի մեջ պատկերների կամ օբյեկտների ճանաչման, հետևելու, ինչպես նաև տվյալների մեծ բազաների մշակման միջոցով կանխատեսումներ անելու, ենթադրություններ, հիպոթեզներ դուրս բերելու հետ։

«Ունենք նաև ChatGPT-ի նման մշակումներ Բնական լեզվական մոդելների (Natural Language Model) ոլորտում, որոնք խոսակցությունների կամ այլ տեղեկատվության հիման վրա քոնթենթ են գեներացնում կամ կռահումներ անում», - ընդգծեց Չոփուրյանը։

Հեռանկարների մասին

Ըստ zealous-ի տնօրենի` այսօր ՏՏ ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պարտադրում են ընկերություններին փոխել իրենց քաղաքականությունը։ Նախ, տարադրամի արժեքի հետ կապված փոփոխություններն ազդում են հիմնականում արտահանող ՏՏ ընկերությունների վրա.

«Ստացվում է, որ մենք դուրս ենք գալիս նոր լիգա, որովհետև ավելի ենք թանկանում ու մրցելու ենք էլ ավելի ուժեղ մրցակիցների հետ: Այսօր արդեն պատրաստվում ենք դրան ու ավելի ենք ընդլայնվում: Բացի այդ, ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտում կրճատումներ են տեղի ունենում։ Համավարակի ժամանակ ոլորտը բավականին արագ զարգացավ, սակայն հիմա հետ է գալիս նախկին տեմպերին, ավելացել են պահպանողական տրամադրությունները, մարդին նախկինի նման չեն ուզում շատ ծախսել: Այս իրավիճակում միշտ առաջ են գնում ավելի ուժեղներն ու մեծերը, որոնք ավելի որակյալ ծառայություններ կամ արտադրանք են տալիս: Այս ամենն ուսումնասիրելով՝ հասկացանք, որ մենք էլ, համապատասխանաբար, պետք է առաջ գնանք, փորձենք մեծանալ, նոր շուկաներ մտնել։ Ու վերաբրենդավորման պատճառներից մեկը նաև այդ էր, որովհետև փորձում ենք էլ ավելի «ագրեսիվ» վաճառքներ ու մարքեթինգ իրականացնել։ Ու բրենդի էությունն այստեղ շատ կարևոր է դառնում»։

Ըստ Արտակ Չոփուրյանի, մինչ այժմ ընկերության աճն օրգանական էր. կար հաճախորդ, ով ընկերության մասին պատմում էր իր ծանոթներին կամ ինքն էր գնում այլ ընկերությունում աշխատելու, ու այդպես ընկերության մասին տեղեկատվությունը տարածվում էր.

«Դա ապահովում էր տարեկան 10-20% աճ, ինչն այն ժամանակ բավարար էր ընկերությանը: Սակայն այսօրվա շուկայի պայմաններում, նոր աշխարհում և մեր նոր նպատակներից ելնելով` այդ աճն այլևս բավարար չէ ու պետք է ավելի «ագրեսիվ» դառնանք, վերաբրենդավորում անենք ու փորձենք էլ ավելի շատ հայկական ընկերություններ ներգրավել մեր համագործակցության շրջանակում»:

Չոփուրյանը հիշեցնում է` ԱՊՀ երկրներում կան ՏՏ ընկերություններ, որոնք մեկնարկել են այդ երկրներում, շարունակել հայրենիքում ու այսօր բավականին խոշոր ընկերություններ են.

«Հայաստանում նույնպես կան նման ընկերություններ, բայց շատերը կապիտալը տեղափոխում են արտասահման: Նույն մեր` ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանում կան բավականին շատ փոքր, միջին ու խոշոր ընկերություններ, ու մենք փորձելու ենք այդ ընկերությունների հետ ավելի սերտ համագործակցել ու, գուցե, միավորվել մեկ տանիքի տակ, այսօրվա շուկայի հրամայականն է՝ մեծանալ, ընդլայնվել, նոր ոլորտներ մտնել` աճող մրցակցությանը դիմանալու համար։ Իսկ փոքր ընկերություններով դա շատ դժվար կլինի»:

Ընկերության տնօրենը եզրափակեց, որ արդեն ներկայանում են հաճախորդներին նոր բրենդով ու մինչև հիմա միայն դրական արձագանքներ են ստացել. «Մարդիկ ասում են` այո, նոր անվանումը համընկնում է ձեր արժեքների հետ։ Կարծում եմ` ճիշտ ճանապարհին ենք ու կգնանք առաջ»:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
Համակարգիչների արքան Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում
---