Խաղային ամառ

Խաղային ամառ

Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները

Լեգենդար E3 կոնվենտի սառեցումից հետո այն մասնակիորեն փոխարինվել է Summer Game Fest փառատոնով, որն արդեն երրորդ անգամ սեփական հարկի տակ է հավաքում համակարգչային խաղեր մշակողներին ու նոր անոնսներով ուրախացնում գեյմերներին։

PanARMENIAN.Net - Այս տարի փառատոնի հիմնական մասն անցավ հունիսի 9-14-ը, իսկ հունիսի 22-ին կազմակերպիչներն ամփոփեցին արդյունքները։Նրանք հայտնում են, որ այս տարվա միջոցառումը ռեկորդային էր ուղիղ հեռարձակմանը հետևողների քանակով՝ այն դիտել է 27 մլն մարդ։ Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 8%-ով։ Սոցցանցերում պրեզենտացիաների քննարկումները կրկնակի աճել են, իսկ շոուն հեռարձակվել է ավելի քան 6 հազար ալիքով։ Summer Game Fest-ի կազմակերպիչները, ոգևորված արդյունքներով, խոստանում են հաջորդ տարի նույնպես վերադառնալ ու հաղթահարել այս տարվա ռեկորդը։ PanARMENIAN.Net ը պատմում է 2022-ի փառատոնի գլխավոր անոնսների մասին։

Xbox Bethesda

Թերևս, ամենատպավորիչ պրեզենտացիան կապված էր Microsoft-ի խաղային կոնսոլի հետ։ Իններորդ սերնդում ամերիկյան հսկան լուրջ է տրամադրված. ձեռք է բերել բազմաթիվ խաղային ստուդիաներ, իսկ 2022-ի սկզբին՝ Activision Blizzard խաղային հսկային՝ ռեկորդային $68.7 միլիարդով, ակտիվորեն աշխատում է խաղային օնլայն խանութի ու սթրիմինգի զարգացման ուղղությամբ, կարճ ասած՝ ամեն ինչ անում է այս սերնդում գլխավոր մրցակից Sony-ին գերազանցելու համար, որին տանուլ էր տվել նախորդում։

Գլխավոր անոնսը Bethesda ընկերության Stanfield գիտաֆանտաստիկ խաղն էր. մասշտաբային action/RPG տիեզերքում՝ Fallout-ի ու Skyrim-ի լավագույն ավանդույթներով։ Հեղինակները ցուցադրեցին խաղային պրոցեսը, խոստացան մեծ բաց աշխարհ՝ բաղկացած մոտ 1000 մոլորակից, որոնք հնարավոր է ուսումնասիրել, ինչպես նաև կերպարի քասթոմիզացիայի լայն հնարավորություններ։

Սքրինշոթ Starfield-ից

Ցուցադրվեցին նաև Rick and Morty անիմացիոն սերիալի հեղինակներից Ջասթին Ռոյլանդի ու Squench Games ստուդիայի High on Life զվարճալի ֆանտաստիկ խաղը, հիանալի Hollow Knight մետրոիդվանիայի սիքվելի, Հանս Ռուդի Գիգերի կոնցեպտների հիման վրա ստեղծված Scorn հորրոր շութերի գեյմփլեյը, Minecraft Legends ստրատեգիական էքշնը, միջնադարյան մանրանկարչության ոճով ստեղծված Pentiment-ն, ու, իհարկե, հատվածներ երկար սպասված Diablo IV-ից, որը գեյմերների անսահման հեյթին արժանացած Diablo Immortal մոբայլ «փողաքամիչից» հետո Blizzard-ի համար ռեաբիլիտացիայի վերջին հնարավորությունն է։

Սքրինշոթ Diablo IV -ից

Պրեզենտացիայի հետաքրքիր դրվագներից էր նաև այն, որ հռչակավոր գեյմդիզայներ Հիդեո Կոձիման հայտարարեց Microsoft-ի հետ համագործակցությամբ իր նոր խաղը ստեղծելու մասին։ Մինչ այդ Կոձիման աշխատում էր Sony-ի հետ:

The Last of Us-ի ռեմեյքը

Միջոցառման առաջին օրվա ամենաաղմկոտ անոնսը կուլտային The Last of Us-ի ռեմեյքն էր նոր սերնդի կոնսոլների համար։ 2013-ին դուրս եկած խաղը մեծ աղմուկ բարձրացրեց խաղային աշխարհում, իսկ Naughty Dog-ը միանգամից ճանաչվեց որպես տաղանդավոր հեղինակներից բաղկացած խումբ։ Ռեմեյքում ոչ միայն բարելավվել է գրաֆիկան, այլև վերամշակվել է հակառակորդների AI-ն ու մարտերի համակարգը։ Naughty Dog-ի գեյմդիրեկտոր Նիլ Դրաքմանը պատմել է նաև The Last of Us-ի մուլտիփլեյերային տարբերակի մասին՝ նշելով, որ այն լինելու է մասշտաբային ու ունենալու է սեփական սյուժեն։

The Last of Us-ի՝ ձախից՝ օրիգինալի, աջից՝ ռեմեյքի սքրինշոթերը

Final Fantasy

Square Enix-ը լեգենդար խաղային շարքի 25-ամյակի կապակցությամբ հայտարարեց, որ Final Fantasy VII-ի ռեմեյքի երկրորդ մասը ստանալու է Rebirth ենթավերնագիրն ու դուրս է գալու 2023-ի ձմռանը՝ PlayStation 5-ի վրա։ Ռեմեյքն, ընդհանուր առմամբ, բաղկացած է լինելու երեք մասից։

Սքրինշոթ Final Fantasy VII Rebirth-ից

2022-ի վերջին բոլոր ակտուալ կոնսոլների վրա դուրս կգա նաև օրիգինալ խաղի պրիքվելի ռեմաստերը՝ Crisis Core: Final Fantasy VII — Reunion-ը։ Crisis Core-ի պատմությունը չի փոփոխվի, սակայն զգալիորեն փոխվելու է գրաֆիկան։

Հեռարձակումից հետո Steam-ում հայտնվեց FF VII-ի ռեմեյքի առաջին մասի թարմացված տարբերակը, որը երկու օրում հայտնվեց Steam-ի չարտի երկրորդ տեղում։

Capcom Showcase

Ճապոնական Capcom-ը անցկացրեց սեփական պրեզենտացիան։ Գլխավոր թեման վերաբերում էր Resident Evil խաղային շարքին։ Դեռ հունիսի սկզբին ընկերությունը հայտարարել էր RE4-ի ռեմեյքի մասին։ Պրեզենտացիայի ընթացքում նշվեց, որ դուրս են գալու RE7, RE2 ու RE3 խաղերի նատիվ տարբերակները PS5 ու Xbox Series X|S կոնսոլների համար։

Ներկայացվեց նաև Resident Evil Village-ի սյուժետային DLC-ն. Shadows Of Rose-ը պատմելու է RE7-ի ու Village-ի գլխավոր հերոսի դստեր մասին։ DLC-ն ու թարմացման հետ մեկտեղ նաև՝ ամբողջ Village-ը հնարավոր կլինի անցնել նաև երրորդ դեմքով, իսկ վարձկանների հատուկ ռեժիմում՝ խաղալ այլ կերպարներով։

Մենք պատմել ենք Summer Game Fest-ում ներկայացված խաղերի միայն փոքր հատվածի մասին: Ավելի մանրամասն՝ կարդացեք այստեղ:

Արման Գասպարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
Համակարգիչների արքան Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում
---