ՀԲ-ն օժանդակում է Հայաստանում ՏՀՏ ծառայությունների զարգացմանը և խթանում էլեկտրոնային հասարակության ձևավորմանը

ՀԲ-ն օժանդակում է Հայաստանում ՏՀՏ ծառայությունների զարգացմանը և խթանում էլեկտրոնային հասարակության ձևավորմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության վարկային ծրագիրը` 24 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության և ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է Կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգում:

Ծրագիրը հատուկ նախագծված է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու և ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների և պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի և կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին և ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) և քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին:

«Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կխթանի նաև գիտելիքով ու տեխնոլոգիայով առաջնորդվող ձեռնարկությունների ստեղծումը, աճն ու մրցունակությունը` միաժամանակ ավանդական ճյուղերում խրախուսելով նոր տեխնոլոգիաների որդեգրումը: Սա կբարձրացնի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների յուրացման, նորարարության և առևտրայնացման տեմպը, կխթանի հետազոտությունների և արտադրության միջև համագործակցությունը, կնպաստի Հայաստանում գիտելիքով և տեխնոլոգիայով առաջնորդվող ընկերությունների ձևավորմանը: Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների և ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում:

«Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի և աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ», - ասում է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը: «Համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը և բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների և փոքր ձեռնարկությունների եկամուտները և կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը»:

«Չնայած վերջին մի քանի տարիների խոստումնալից զարգացումներին, ոլորտում շարունակում են պահպանվել լուրջ մարտահրավերներ,» ասում է Խուան Նավաս-Սաբաթերը, Համաշխարհային բանկի` ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը: «Ինտերնետի ներթափանցումը կամ լայնաշերտ ինտերնետային կապի մատչելիությունն այժմ անբավարար մակարդակի վրա է գտնվում` արդի տեղեկատվական հասարակության մասով կառավարության ձգտումներին հասնելու համար»: «Արդի ՏՀՏ-ներից օգտվելու հնարավորությունների առումով մայրաքաղաքի և գյուղական վայրերի միջև անհամաչափություններն աճում են առաջնակարգ ծառայությունների բարձր գների հետևանքով` պայմանավորված հեռահաղորդակցության միջազգային ցանցերից օգտվելու համար մրցակցության բացակայությամբ և ներքին հիմնացանցում ներդրումների պակասով»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 30 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 6 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի իր սեփական միջոցներով: ՎԶՄԲ-ի 24 միլիոն ԱՄՆ դոլար գումարով հատուկ ներդրումային վարկը ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարի արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1, 389, 600 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---