Կառավարությունում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները

Կառավարությունում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին կառավարությունում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարեց վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստի սկզբում ՏՏԶԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց Խորհրդի նոր անդամներին, որից հետո անցում կատարվեց օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը զեկուցեց ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ի գիտություն ընդունվեց 2009 թ. նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Սան Հոզե քաղաքում կայացած «Արմթեք-2009» երրորդ համաժողովի արդյունքների վերաբերյալ հաղորդումը, ապա քննարկվեցին «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման մանրամասներ: Խորհուրդն ի գիտություն ընդունեց նաև ՀՀ էլեկտրոնային կառավարման հայեցակարգի վերաբերյալ զեկույցը:

Մեկ այլ հարցով քննարկվեց հաջորդ սերնդի հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման ընթացքը: Անդրադառնալով հնչեցված հարցերին` կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ լայնաշերտ ցանցի նախագծման և կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում, և ՏՏ ոլորտում գործող մի շարք ընկերություններ արդեն հայտ են ներկայացրել ծրագիրն իրականացնելու համար:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, օրակարգի հարցերի շարքում անդրադարձ արվեց էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների խնդրին: Այս կապակցությամբ վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՀՀ ոստիկանապետին: Արծարծվեցին նաև կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրներ, ինչի առնչությամբ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել ՀՀ կառավարության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

«Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի» իրականացման համատեքստում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց տարածաշրջանի մյուս երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացման ընդհանուր միտումները: Մտքերի փոխանակության ընթացքում Խորհուրդը քննարկեց հայեցակարգի կատարման ընթացքը: Կառավարության ղեկավարը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը մշակել համապատասխան փաստաթուղթ հայեցակարգի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, միջոցառումների ժամանակացույցի և վերահսկողության գործառույթների իրականացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---