«ԱրմենՏել» ՓԲԸ-ն գործարկել է Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցման ծառայությունը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն գործարկել է Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցման ծառայությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկման մասին: Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլն:

«Հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին` մենք առաջինը Հայաստանում գործարկում ենք սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը և հետևել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ, անկախ բաժանորդի սակագնային պլանից:

Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի «Բջջային տարբերակ» բաժնում, կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրել Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման «Ծանուցումներ» դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ: Կարելի է ընտրել նաև ծանուցումներ ստանալու ժամերը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---