«Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը արժանացավ ամենաշատ «Արտավազդ» մրցանակների

PanARMENIAN.Net - Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում այսօր մարտի 27-ին տեղի ունեցավ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը: Այն նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 70-ամյակին և անցկացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Ամենաշատ մրցանակ այս տարի տարավ Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը: Այն հաղթեց «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում, և մրցանակը շնորհվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին: Բացի դրանից «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Գոհար Իգիթյանը, իսկ «Լավագույն երիտասարդ դերասան»-ի կոչումը կիսեց նույն ներկայացման մեջ հանդես եկող Նիկոլայ Գրիգորյանը:

Ժյուրիի կազմում էր նաև «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացման համահեղինակ Լևոն Մութաֆյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Ութմազյանը ստացավ Տիգրան Լևոնյանի անվան մրցանակ` հայ թատերարվեստում ունեցած մեծ ավանդի համար:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար «Արտավազդ» շնորհվեց Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տեխնիկական աշխատող Հենզել Հայրապետյանին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ժենյա Ներսիսյանին, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին և Լիբանանի «Վահրամ Փափազյան» թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանին:

Լավագույն երիտասարդ դերասանուհի ճանաչվեց Տաթև Ղազարյանը Համազգային թատրոնից «Բլեզ» ներկայացման համար:

«Լավագույն երիտասարդ դերասան» կոչմանն արժանացան Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը «Մոլագարը» ներկայացման համար և կիսեց այն արդեն հիշատակված Նիկոլայ Գրիգորյանի հետ: «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեց Սամսոն Մովսեսյանը ՀԹԳՄ-ի բեմում ներկայացվող «Քիթ» բեմադրության համար, իսկ ահա «Լավագույն երիտասարդական ներկայացում» դարձավ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» ներկայացումը: «Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում «Արտավազդ» ստացան Գարեգին Եվանգուլյանը «Եվ երկինք են երեք աթոռ ինկավ» Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետական դրամատիկական թատրոնից և Ալինա Ալեքսանյանը «Թևավորը» Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնից:

«Լավագույն պիես» անվանակարգում հաղթող դարձավ Գուրգեն Խանջյանի «Անմեղսունակների պարը»:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» դարձավ Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոնից Արամ Մխիթարյանը «Փախիր կնոջիցդ» ներկայացման համար: «Լավագույն կին դերակատար» կոչումը կիսեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Նարինե Ալեքսանյանը «Սիրային իրարանցում... Էլի իրարանցում ` սիրային...» ներկայացման համար և Համազգային թատրոնից Կարինե Ջանջուղազյանը «SALE» ներկայացման համար:

«Լավագույն դերասան» դարձավ Արմեն Մարգարյանը Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնից «HAPPY END, Երջանիկ ավարտ» ներկայացման համար:

Թատրոնին անմնացորդ նվիրումի համար ՀԹԳՄ Ոսկե մեդալի արժանացան ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը, դերասան Արտաշես Շահվերդյանը և Կարեն Աբրահամյանը:

«Լավագույն ներկայացում» մրցանակը կիսեցին Ս. Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Աբանամատ» և Համազգային թատրոնի «Բլեզ» ներկայացումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---