«էյչ-էս-բի-սի բանկ Հայաստանը» մասնակցել է «մոլորակի ժամ 2012» ակցիային

«էյչ-էս-բի-սի բանկ Հայաստանը» մասնակցել է «մոլորակի ժամ 2012» ակցիային

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և իր 400 աշխատակիցները մարտի 31-ին միացան Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) նախաձեռնած «Մոլորակի ժամ 2012» ակցիային` մեկ ժամով անջատելով լույսերը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի գրասենյակներն աշխարհի 58 երկրներում նույնպես աջակցություն են ցուցաբերել «Մոլորակի ժամ 2012» ակցիային` շարունակաբար խթանելով շրջակա միջավայրի պահպանման գաղափարները: Բացի այդ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», որն արդեն չորրորդ անգամ է մասնակցում այս գլոբալ քարոզարշավին, աշխատակիցների համար հայտարարեց «1 օր առանց մեքենայի»` աշխատանքի գալ ոտքով կամ հանրային փոխադրամիջոցով և «1 օր առանց տպագրության»` վերահսկման միջոցով զգալիորեն նվազեցնելով օրական միջին տպագրական ծավալը:

«Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն Էյչ-Էս-Բի-Սի-ն պարտավորվել է նվազեցնել էներգիայի սպառումը և մտադիր է աշխարհով մեկ իր աշխատակիցների կողմից ածխածնի արտանետումները 2012-ի 3.5 տոննայից հասցնել մինչև 2.5 տոննա 2020 թվականին: Մենք համոզված ենք, կլիմայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ մարդկանց իրազեկումը 21-րդ դարի առաջնահերթություններից մեկն է, և Հայաստանը այստեղ անմասն մնալ պարզապես չի կարող», - այս առթիվ նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը։

«Մոլորակի ժամ» գլոբալ նախաձեռնությունը Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ համընդհանուր կոչ է` ուղղված յուրաքանչյուր անհատի, բիզնես կառույցի եւ համայնքի` անջատելու իրենց լույսերը մարտի 31-ին, ժ. 20:30-ից 21:30-ը: «Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Տարեցտարի այս ակցիան ձեռք է բերում ավելի մեծ տարածվածություն` ապահովելով ավելի քան 1 միլիարդ բնակչության մասնակցություն ավելի քան 6000 քաղաքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---