Հայաստանն ու Բուլղարիան պայմանավորվել են գործարար համաժողով անցկացնել

Հայաստանն ու Բուլղարիան պայմանավորվել են գործարար համաժողով անցկացնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: «Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ:

Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութայինբնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են հանդիսանում մեր երկրների միջև և, այդ առումով, հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:

Նշելով, որ հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարևորվել է գործարար կապերի հաստատումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Բուլղարիայի փորձը կարևոր և օգտակար է մեր երկրի համար լայնածավալ բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարն անդրադարձել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Տիգրան Սարգսյանի և Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---