Այս տարի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Երևանի օրեր

Այս տարի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Երևանի օրեր

PanARMENIAN.Net - Ամռանը Մոսկվայում և աշնանը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու Երևանի օրեր, այդ մասին մամլո ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետի մշակութային հարցերով խորհրդական Արամ Սուքիասյանը: Այժմ մշակվում է համապատասխան ծրագիր, մեր մայրաքաղաքը լավագույնս ներկայացնելու համար:

Ինչպես ավելի վաղ նշել ենք, ապրիլի 5-7-ը Երևանում տեղի են ունենալու Մոսկվայի մշակույթի օրեր: Մայրաքաղաքում տեղի են ունենալու բազմաթիվ միջոցառումներ, Մոսկվայից արդեն ժամանել է համապատասխան պատվիրակություն, Մոսկվայի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի գլխավորությամբ:

Ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու օրերի գալա համերգը, որի ընթացքում ելույթ են ունենալու Մոսկվայի Մեծ թատրոնի ներկայացուցիչները, Տուրեցկու անվան երգչախումբը, «Ռուսկայա դուշա» անսամբլը, «Տեստա» պարային համույթը և այլ հայտնի կատարողներ:

Ապրիլի 6-ին «Մեցցո» ակումբում սպասվում է հայ և ռուս ջազ նվագախմբերի համատեղ համերգ, իսկ եզրափակիչ օրը` ապրիլի 7-ին տեղի են ունենալու կլոր սեղաններ, քննարկումներ, ինչպես նաև կամերային համերգ:

Սուքիասյանը նաև նշեց, որ ապրիլի 25-27-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու Սանկտ Պետերբուրգի օրեր, որի ծրագիրը դեռ մշակման փուլում է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---