Վարչապետ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է

Վարչապետ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է

PanARMENIAN.Net - «Արմենիա Մարիոթթ» հյուրանոցում այսօր ընթանում է ԻՏՁՄ («Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն») 12-րդ համագումարը: Բացման խոսքում միության տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ համագումարի հիմնական նպատակն է քննարկել միության անցած տարվա ծրագրերը, լսել առաջարկությունները ու հետադարձ կապ ստանալ ոլորտում առկա խնդիրների և միության գործունեության վերաբերյալ: «Միությունն այսօր շատ արագ տեմպերով ընդլայնվում է, արդեն ունենք 68 անդամ, ըստ այդմ էլ փոխվում են ոլորտի խնդիրներն ու նպատակները: Կարևոր է հասկանալ, թե ինչ ունենք այսօր և ուր ենք գնում»,-ասել է նա:

Համագումարի բացմանը վարչապետի խոսքը փոխանցեց նրա օգնական Հայկ Թութուջյանը. «Շատ եմ կարևորում այս միության գործունեությունը, քանի որ մի կողմից վեր են հանվում ՏՏ կարևոր խնդիրները, մյուս կողմից կառավարությունը ունի գործընկեր, որի հետ այս ոլորտում արդյունավետ համագործակցություն կա»: Վարչապետն իր խոսքում նշել էր նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացված խնդիրների մեծ ցանկը, որոնցից է ազգային ճարտարագիտական լաբորատորիաների բացման մեծ ծրագիրը, տեխնոպարկերի հիմնումը և շատ այլ նախագծեր: «Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենամեծ հավակնություններ ունեցող ոլորտներից է իր 350 ձեռնարկություններով և 10.000 աշխատակիցներով, մենք ունենք պոտենցիալ դառնալու տարածաշրջանի առաջատարներից մեկը»,-ասվում էր վարչապետի խոսքում:

Միության գործադիր տնօրենն ասաց, որ անցյալ տարվա ընթացքում, տարբեր նախագծերից բացի, անցկացվել են նաև մի շարք արտագնա հանդիպումներ. « 2011 ընթացքում ունեցել ենք 6 արտագնա հանդիպում-քննարկում, որոնց ժամանակ վեր են հանվել էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը խանգարող խնդիրները: Նախատեսում ենք դրանք ներկայացնել կառավարության նիստին և հստակ ժամկետներ սահմանել դրանց լուծման համար »:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» հիմնվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---