Հայաստանի վարչապետն ու Բելառուսի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Հայաստանի վարչապետն ու Բելառուսի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում` վարչապետը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: «Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»,- վարչապետի խոսքն է մեջբերում Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարվա աշնանը` Մինսկում: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարավոր ներգրավմանը, մեր երկրում հիմնված բելառուսական գյուղատնտեսական լիզինգային ընկերության գործունեությանը, ինչպես նաև գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարմանը:

Կողմերը քննարկել են Երևանի ավտոբուսային պարկը և վերելակային տնտեսությունը բելառուսական ավտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարվել ադամանդագործության, ատոմային էներգիայի և զբոսաշրջության բնագավառներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունը:

Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է ոսկերչական ոլորտում համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---