9  20.04.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքը Երևանում. Վարդեր, իտալական տենոր, միլիոններ և հեղափոխություն 30 վայրկյանում

Ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքը Երևանում. Վարդեր, իտալական տենոր, միլիոններ և հեղափոխություն 30 վայրկյանում

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հանրահավաքը մեկնարկեց 40 րոպե ուշացումով բեմի պատճառով, որն Ազատության հրապարակում կառուցել են ապրիլի 22-ին կայանալիք իտալացի տենոր Անդրեա Բոչելիի համերգի համար:

ՀԱԿ-ի ներկայացուցիչները խորհրդակցեցին, թե որտեղ կարելի է անցկացնել հանրահավաքը, բայց և այնպես որոշեցին այն անցկացնել Ազատության հրապարակում:

Վարդեր կիսախավարում

Հանրահավաքը մեկնարկեց: Երբ հարթակ բարձացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրան հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին ծափողջյուններով ու «Լևոն, Լևոն» վակարկումներով, մի կին անգամ նրան վարդեր նվիրեց: Ընդ որում հարկ է նշել, որ թեև հանրահավաքի կազմակերպիչները բերել էին հանրահավաքի համար անհրաժեշտ բոլոր սարքերը, հրապարակը հանրահավաքի ամենասկզբում հոսանքազրկված էր, ինչը վրդովեց ընդդիմությանը:

Առաջինը ելույթ ունեցավ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը, ով հայտնել է. «Մեր ազատամարտը ռեժիմի դեմ սկսվել է: Հասել է այն պահը, երբ որոշվելու է սերունդների հետագա ճակատագիրը:

Այս ռեժիմը պետք թոթափել, և ֆաշիստներից մեր երկիրը թոթափելու հնարավորությունը մայիսի 6-ի ընտրություններն են: Ես` որպես մեծամասնական պատգամավորւթյան թեկանծու, զրկված լինելով եթերից, գնում եմ մարդկանց տները, զրուցում նրանց հետ:

Իրականում ժողովուրդը քաջ գիտակցում է իրավիճակը: Մարդիկ մտավախություն ունեն, որ ցուցակներում կարող են ներգրավել մահացածների անունները»: Նա կոչ է արել քվեարկել ՀԱԿ-ի օգտին, քանի որ ՀԱԿ-ն է միակ իրական ընդդիմադիր ուժը, որը պայքարում է ֆաշիզմի դեմ: «Մի վախեցեք, որ ասում են` միայն մենք ենք անցնելու, գնացեք քվեարկության: Այն փակ և գաղտնի է»,- ասել է նա:

Տապալել իշխանությունը 30 վայրկյանում

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր հերթին հորդորել է հավաքվածներին չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեսախցիկներ կան. «Մենք ձեզնից չենք ակնկալում, որ պայքարեք օլիգարխիայի դեմ: Երբ ձեր դուռը ծեծեն ու հարցնեն, թե ում եք ընտրելու, ասեք, որ ՀՀԿ-ի օգտին եք քվեարկելու: Բայց երբ վերցնում եք քվեաթերթիկը, 30 վայրկյանանոց հեղափոխությունը սկսվում է»: Փաշինյանը հորդորել է մարդկանց չվախենալ և չհավատալ, թե ընտրախցիկներում տեղախցիկներ կան: «Հեղափոխությունը», նրա խոսքով, տևելու է 30 վայրկյան:

Նրա ելույթի ժամանակ հարթակ են բարձրացել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ, որոնք կրում էին «30 վայրկյան» գրառումով շապիկներ:

Նախընտրական քարոզարշավի հաշվապահական հաշվարկը

Իսկ Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, պատմել է, թե ով և ինչքան է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա: Նրա խոսքով` ՀԱԿ-ն այս քարոզարշավում 4 մլն դրամ է ծախսել, ՀՅԴ-ն` 20 միլիոն, ՕԵԿ-ը` 17, «Ժառանգությունը»` 37, իսկ ՀՀԿ-ն 50 միլիոն: «Ես 800 տուն եմ մտել ու հասկացել, որ ՀՀԿ-ն ձայն չունի այս երկրում»,- ընդգծել է նա:

Ընկնելով Ղարաբաղի հետևից

ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ թիվ 2 ընտարատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` նշելով, որ Հայաստանի համար շատ վտանգավոր է համարում ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցածը. «Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների ստորագրած փաստաթղթում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: ՀՀ-ն ու Արցախը որևէ կերպ չեն արձագանքել դրան, այնքան է Հայաստանի իշխանությունը բաց թողել բանակցային գործընթացը, որ անգամ չի կարողանում արձագանքել»:

Ելույթում թեկնածուն խոսել է նաև օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին, որում նշված է, որ Հայաստանը չպետք է զինծառայողներ ուղարկի Արցախ ծառայության: «Դրանից հետո մեկ քայլ է մնում, որ մեզ հայտարարեն զավթիչ: Այս ամենը ռեժիմի հերթական հանցավոր ձախողումներն են»,- ամփոփել է իր խոսքը Վլադիմիր Կարապետյանը:

Ստեփան Դեմիրճյանի հոռետեսական կանխատեսումները

ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, խոսելով արտագաղթի աճի, համատարած աղքատության մասին, նշել է, որ այդ ամենի մեղավորը կոալիցիան է. «ՀԱԿ-ն ունի համապատասխան կամք ու ներուժ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, մայիսի 6-ին պետք է դնենք մեր երկրի համար անհրաժեշտ փոփոխությունների հիմքը»: Նա նշել է, որ եթե իշխանությունը վերարտադրվի ԱԺ-ն նորից կդառնա գործադիրի կցորդը. «Արդյունքում ունենալու ենք էլ ավելի մեծ արտագաղթ ու բարոյական անկում: Եթե մենք ուզում ենք ապրել ժողովրդավարական երկրում, մենք պետք է փոխենք այս իշխանությունը»:

Բիզնես-կենտրոններ դպրոցների փոխարեն և Հրանտ Բագրատյանի եկամուտները

Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող ՀԱԿ հանրահավաքին ՀԱԿ անդամՀրանտ Բագրատյանը խոսել է օտարերկրյա վարկերի մասին` ասելով, որ «դրանց մեծ մասը բաժանում են օլիգարխներին, ոչ թե հոգում հասարակ քաղաքացու հոգսերը»: «Ամեն տարի հայտարարում են, թե աշխատեղեր են ավելացրել, բայց արդյունքում մեր երկրում ոչ մեկն աշխատանք չունի»,- ընդգծել է նա:

«Երկուշաբթի օրվանից գրանցելու ենք այն բոլոր քաղաքացիների անուն-ազգանունները, որոնք տուժել են իշխանությունների տնտեսական հանցագործություններից»,- իր ելույթում նշել է նախկին վարչապետը:

Նա ասել է, որ մայիսի 6-ը վերջնական է, իրենք գնալու են մինչև վերջ. « Non stop գնում ենք մինչև իշխանափոխություն»:

Երկխոսությունն ու համաշխարհային ընդդիմության նախանձը

ՀԱԿ-ի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի(ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ) մասին, նշեց, որ մարդիկ կան, որոնք լծվել են այդ շտաբը վիժեցնելուն: Դա, ըստ նրա, արվում է Սերժ Սարգսյանին պահելու համար: «Երկխոսությունը համարում եմ Հայաստանի քաղաքական էթիկայի ամենամեծ նվաճումը: Դրա շնորհիվ է, որ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, մեզ հաջողվեց ետ բերել Ազատության հրապարակը, մարտի 1-ի բացահայտման գործը»,-ասել է ՀԱԿ առաջնորդը. «Աշխարհի ցանկացած ընդդիմություն կնախանձեր Հայ ազգային կոնգրեսին, որը կարողացավ այսպիսի նվաճումներ արձանագրել»:

21-րդ դարի Հայոց ցեղասպանություն` հղում կատարելով Շառլ Ազնավուրին

Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հայտնել է, որ «ներկայիս վարչակարգի կառավարման արդյունքը դարձել է մեկ միլիոն մարդկանց արտագաղթը Հայաստանից. այդ ցուցանիշը կարելի է համեմատել հայերի տեղահանման և ցեղասպանության հետ Օսմանյան Թուրքիայում»: «Մարդիկ, ովքեր աշխարհից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրեթե նույն ցեղասպանությունն իրագործում են սեփական երկրում: Եվ դա, կխնդրեի նկատել, ասել եմ ոչ թե ես, այլ Շվեյցարիայում Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դեսպան Շառլ Ազնավուրը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Արտագաղթից հետո, նրա խոսքով, իշխող վարչակարգի գործունեության ևս մեկ արդյունքը դարձել է կոռուպցիան:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ «գոյություն ունեն Հայաստանի ստվերային տնտեսության վերաբերյալ զանազան միջազգային հետազոտություններ, որոնց համաձայն` ստվերային տնտեսությունը կազմում է երկրի տնտեսության 1/3-ը, այսինքն, 1/3-ը մտնում է բյուջե, իսկ մնացած մասը գրպանվում է»: ՀԱԿ-ի առաջնորդը հայտնել է, որ եթե այդ միջոցները մտնեին բյուջե, ապա այսօր հնարավոր կլիներ կրկնապատկել կենսաթոշակներն ու նպաստները, եռապատկել ռազմական և գիտական ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերը: «Այդ մարդիկ, ովքեր թալանում են սեփական երկիրը, ուզում են երկրորդ անգամ հաղթել Ադրբեջանի՞ն,- հարց է տալիս Տեր-Պետրոսյանը:- Գործող իշխանությունների ևս մեկ հանցագործությունն այն է, որ երկրի քաղաքացիներն անպաշտպան են դարձել»: Նրա խոսքով` եթե քաղաքացու մոտ խնդիրներ են ծագում, նա խուսափում է ոստիկանություն կամ դատարան դիմելուց: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանը հանցագործի հետ անմիջական գործարքներ են կնքում և մեղավոր ճանաչում այն քաղաքացուն, ով դիմել է իրենց: ՀԱԿ-ի առաջնորդն անդրադարձել է նաև բանակում զինվորների անպաշտպանության հարցին` մատնանշելով, որ «ներկայումս զինվորներին հայկական բանակում տանջում են, սպանում կամ հասցնում ինքնասպանության»:

Հաջորդ հանրահավաքը մայիսի 3-ին

Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀԱԿ-ի անդամ Արամ Մանուկյանն ասել է, որ վաղվանից ՀԱԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները, իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 3-ին։

Ապրիլի 24-ին Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացնելու Ազատության հրապարակից Ծիծեռնակաբերդ` հարգելու ՄԵծ եղեռնի զոհերի հիշատակը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---