Հունիսին Հայաստանում կսկսի գործել տեխնիկական բյուրեղների և սապֆիրի արտադրության գործարան

Հունիսին Հայաստանում կսկսի գործել տեխնիկական բյուրեղների և սապֆիրի արտադրության գործարան

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ճյուղերից՝ ճշգրիտ ճարտագիտության բնագավառում գործունեություն իրականացնող հայ-շվեյցարական «ԱՍՏՐԱ» ընկերություն: Այն իրականացնում է կարծր համաձուլվածքից բարձր ճշգրտությամբ ֆրեզների և գայլիկոնների արտադրություն:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ ընկերությունը հագեցած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչի շնորհիվ նրա արտադրանքը կիրառվում է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էլեկտրոնային, բժշկության, ժամագործության, ոսկերչության և այլն: Արտադրանքի համար նախատեսված հումքը ձեռք է բերվում այնպիսի հանրաճանաչ ընկերություններից, ինչպիսիք են՝ «Konrad Friedrichs»-ը, «Sandvik»-ը, «Plansee Tizit-ը», «Hard Mettal»-ը և այլն:

Ընկերությունը 2011 թվականին թողարկել է մոտ 34.5 մլն դրամի արտադրանք` նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 132.7 տոկոս աճ, իսկ իրացումը կազմել է 31 մլն դրամ, որից մոտ 8 մլն-ն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 13 մարդ:

«ԱՍՏՐԱ» ձեռնարկության հիման վրա 2011-ին հիմնադրվել է նաև «Աստրա Կրիստալս» ընկերությունը: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է այստեղ կազմակերպել տեխնիկական բյուրեղների աճեցում և վերամշակում, ինչպես նաև տեխնիկական սապֆիրի մաքուր հումքի տեղական արտադրություն:

Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կառուցում է նոր գործարան, որը հագեցած է լինելու ռուսական և չինական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ինչը թույլ կտա արտադրական առավելագույն հզորությունը հասցնել ամսական մոտ 2 տոննա բյուրեղի և 3 տոննա մաքուր հումքի: Առաջնային հումքի ձեռքբերումը կիրականացվի Չինաստանից և ԱՊՀ երկրներից: Վերջնական արտադրանքի կիրառման ոլորտները շատ լայն են արտաքին շուկայում: Ընկերության հիմնական ուղղվածությունը լինելու է լուսադիոդային շուկան, որն ապահովում է աշխարհում արտադրված տեխնիկական սապֆիրի սպառման զգալի մասը: Նախատեսվում է նաև իրագործել լազերային և օպտիկական էլեմենտների մշակում, բազմաթիվ տեսակների հատուկ կիրառման պատուհանների պատրաստում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում գործարանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է 9 մլն դոլար:

Գործարանի շինարարությունը ներկայումս ընթացքի մեջ է, որի ավարտը նախատեսվում է մինչև 2012թ. հունիս: Արդեն ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվում է կազմակերպել ամսական 1 տոննա թողունակությամբ արտադրություն, որից հետո 9 ամսվա ընթացքում սարքավորումների համալրման արդյունքում հզորությունը կրկնապատկվի:

Ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 20 աշխատատեղ` մոտ 180 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքը նախատեսվում է իրացնել Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ երկրներում:

Ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի երեք տարի ժամկետով հետաձգման թույլտվություն ստանալու նպատակով ընկերությունը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---