Ապրիլի 27-ին արդեն երրորդ անգամ կհավաքվեն ու կվերամշակվեն Ծիծեռնակաբերդի ծաղիկները

Ապրիլի 27-ին արդեն երրորդ անգամ կհավաքվեն ու կվերամշակվեն Ծիծեռնակաբերդի ծաղիկները

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին՝ «Երկրի օրվա» միջոցառումների շրջանակներում, ժամը 10-18-ը, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենախորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Միջոցառումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում:

Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար:

Անհատները, կամավորներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու գունեղ այս միջոցառմանը. «Մասնակցի´ր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձի´ր կամավորև նոր կյանք պարգևի´ր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը»,- նշում են կազմակերպիչները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---