Ապրիլի 28-ին 8-րդ անգամ կսկսվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը

Ապրիլի 28-ին 8-րդ անգամ կսկսվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ից մայիսի 26-ը տեղի է ունենալու «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը: Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, փառատոնը բաղկացած է լինելու 6 համերգներից, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն), Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան):

Փառատոնի հանդիսավոր բացմանը մասնակցելու են երիտասարդ տաղանդաշատ երգիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), Արշակ Կուզիկյանը (բարիտոն), փառատոնային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ և ներկայացնելու են «Վիվա Իտալիա» համերգը:

Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրելու է «Նվիրում Հենդելին» խորագիրը, որին կմասնակցեն երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):

2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի ներգրավվածության կապակցությամբ, փառատոնն այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ, կազմակերպիչն է` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---