2 մայիսի 2012 - 15:40 AMT
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի կրպակները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնել են, որ համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: