Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 տոկոս

Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8 տոկոս

PanARMENIAN.Net - 2012 թ. մայիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, 2012 թ. ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:

Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:

Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են: Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: Ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---