ԲԱՔՎՈՒՄ ՈՉ ՄԻԱՆՇՆԱԿ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Բաքվում ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների հունիսի վերջին Բաքվում կայանալիք պլանավորման ամփոփիչ խորհրդաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության համար ոչ մի սահմանափակում չկա, թեեւ այն անցանկալի է: Այդպես է մեկնաբանել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի ռազմական ղեկավարության հայտարարությունը Բաքվի կոնֆերանսին մասնակցելու մտադրության մասին: Ընդ որում, ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, նախարարության մամլո ծառայությունը կասկած է հայտնել, որ հայկական կողմը իսկապես մտադիր է ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք` նշելով հայերի «աժիոտաժ բարձրացնելու ցանկությունը, եւ ոչ ավելին»: Ինչ վերաբերում է ադրբեջանցի քաղաքական գործիչների անդրադարձին հայ զինվորականների այցին, ապա այն, աղբյուրի համաձայն, շատ տարաբնույթ է: Այսպես, Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղին նախկինի պես կտրականապես դեմ է դրան: «Եթե հայ զինվորականները փորձեն մասնակցել առաջիկա խորհրդաժողովին, մեր կազմակերպությունը բոլոր հնարավոր միջոցներով կխոչընդոտի դրան»,- ասել է նա: «Ադրբեջանի իշխանությունները իրավունք չունեն դավաճանելու երկրի ազգային շահերին հանուն ինտեգրմանը եվրաատլանտյան դաշինքին»,-հայտարարել է Նաղին: Նման դիրքորոշում ունի նաեւ «Ազգային անկախություն» կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովը: Մինչդեռ, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Մուսթաֆաեւի կարծիքով, հայ զինվորականների այցը Բաքու քաղաքական տեսակետից միանգամայն հնարավոր է: Իր կարծիքը նա բացատրել է նրանով, որ տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերում նախատեսվում է ինչպես հայկական, այնպես էլ` ադրբեջանական կողմի մասնակցությունը: Բացի այդ, հիշեցրել է նա, կանոնավոր են դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները: Ավելի կտրուկ է արտահայտվել «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Սուլխեթդին Աքբերը, որը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները եւ չխոչընդոտի նախապես ծրագրված միջոցառումների անցկացմանը: Նա ծիծաղելի է համարել նախապես համաձայնեցված միջոցառումների իրագործմանը խոչընդոտելու որոշ ուժերի փորձերը, հաղորդում է «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---