31 մայիսի 2012 - 21:05 AMT
Վազգեն Մանուկյան. Փակ շուկայի քանդումը հանցագործություն է

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական կայքերից:

Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասել է Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահին զարմացրել է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:Մանուկյանը նկատել է, որ եթե նախկինում այդ ամենն աննկատ էր անցնում, ապա այսօր հատկապես երիտասարդությունն իր բողոքի ձայնը բարձրացնում է, որի շնորհիվ հասարակությունն իրազեկ ու մասնակից է լինում պայքարին:

Նրա համար նույնպիսի հանցագործություն էր, օրինակ, տրամվայ հանելը. «Մի օր պետք է պարզել, թե քանի՞ տասնյակ միլիոն դոլլաներ են աշխատել տրամվայի գծերի մետաղը դրսում վաճառելով և ի՞նչ օգուտ են բերել Երևանին, այն դեպքում, երբ աշխարհի շատ քաղաքներում նոր են տրամվայ անցկացնում, իսկ այն երկրներում, որտեղ եղել են, պահպանվել են»:

Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն. «Հազիվ վերջացավ Մաշտոցի պուրակի հարցը, առաջ եկավ այս մեկը, ընդ որում, սա ավելի ծանր դեպք է, որովհետև ժամանակավոր կրպակը մի բան է, հուշարձան քանդելը և դրա փոխարեն ինչ որ ստանդարտ բան կառուցելը լրիվ այլ բան, չնայած դեռ հայտնի էլ չէ, թե այնտեղ ինչ է նախատեսվում»:

Մանուկյանը նաև հայտնել է, որ Փակ շուկայի հարցն առաջիկա օրերին քննարկման է դրվելու Հանրային խորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի: