Միաբանները դատապարտում են ադրբեջանական կողմի դիվերսիան

Միաբանները դատապարտում են ադրբեջանական կողմի դիվերսիան

PanARMENIAN.Net - Հունիսի 4-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետևանքով վիրավորվում և զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան ՀՀ սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման գործընթացին: Որպես Տիրոջ խաղաղության ուղերձի պատգամաբերներ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը:

Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը և տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:

Մեր սրտակցությունն ենք հայտնում Հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին` հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը վշտաբեկ բոլոր հարազատներին ու մտերիմներին: Միասնական մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, այլև հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար: Եվ թող Ս. Վարդանանց և Սարդարապատի մեր զորականների շունչն ու ոգին միշտ ուղեկից լինեն հաղթական Հայոց Բանակին` ի պաշտպանություն դարերի մաքառումով և բազում կյանքերի թանկ գնով ձեռք բերված անկախության ու խաղաղության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---