Հունիսի 13-ին առաջին անգամ Երևանում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը

Հունիսի 13-ին առաջին անգամ Երևանում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության դահլիճում երաժշտական պրեմիերա է: Առաջին անգամ Երևանում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` համադիր երգերի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը, որ Մաեստրոն ավարտել է միայն 2012թ., ասվում է միության մամլո հաղորդագրության մեջ:

Շարքի վոկալ պարտիան կկատարի սոպրանո Շուշիկ Պարսումեանը (ԱՄՆ), իսկ դաշնամուրայինը` կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը (Հայաստան): Համերգին անձամբ ներկա է լինելու և մեկնաբանություններով ու վերլուծությամբ հանդես կգա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Դաշնամուրի և վոկալի համար գրված այս երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով զուգահեռաբար համադրելու միջոցով: Այսպես` շարքի մեջ զետեղված են Պաղտասար Դպիրի (1.ա.) «Տաղ կորուսեալ սիրելոյ», (1.բ.) «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի (2.ա.) «Կապույտ լճի վրա», (2.բ.) «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի (3.ա.) «Իմ հոգին», (3.բ.) «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի (4.ա.) «Աշնան երգ», (4.բ.) «Իմ խաղաղ երեկոն» բանստեղծությունները:

Կոմպոզիտորն ինքն է աղերսել ի սկզբանե առանձին ու ինքնուրույն բանաստեղծական այս կտորները: Դրանք, ըստ նրա ընթերցման, ունեն բանաստեղծական լեզվի ու կառույցի ոճային, հանգային ու բովանդակային ներքին ու փոխլրացնող ընդհանրություններ, որոնց հիման վրա էլ դրանք փողհամակցվել են` փոխադրվելով երաժշտական տեսանկյունից ամբողջական երգաշարի: Սրանից էլ բխում է երգաշարի առանձին մասերի վերնագրման թվանվանագրային համակարգը, որտեղ «1.», «2.», «3.», «4.» թվականներն անվանում են լրիվ զուգախմբերը, իսկ «ա.», «բ.» տառերը` դրանց բաղադրիչ մասերը:

«Նարեկացի»-ում նախանշված պրեմիերայի հաջորդ օրը` հունիսի 14-ին, գործը նաև կհնչի «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում անցկացվող «Դիլիջան» երաժշտական փառատոնի համատեքստում, բայց այս անգամ` առանց Մաեստրո Մանսուրյանի մեկնաբանությունների: Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել քսան աշխարհահռչակ մենակատարներ, որոնց թվում` ալտահար Քիմ Քաշքաշյանը, թավջութակահար Անտոնիո Լիսինը, թավջութակահար Ռոհան դե Սարամը, բարիտոն Վլադիմիր Չերնովը, ջութակահար Մովսես Պողոսյանը և ալլոք: Նրանցից շատերը ներկա են լինելու Նարեկացի արվեստի միության հունիսի 13-ի երևանյան պրեմիերային:

Արդեն ավանդույթ է դարձել, որ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների երևանյան պրեմիերաները կայանան Նարեկացի արվեստի միությունում, ինչպես օրինակ` անցած տարվա նոյեմբեր ամսին, երբ առաջին անգամ Հայաստանում Տ. Մանսուրյանը հանդես եկավ իր նոր մեծակտավ «Ռեքվիեմ»-ի երաժշտական վերլուծությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---